կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-08 12:33
Մշակույթ

Կոմիտաս վարդապետի եկեղեցին այլևս չկա

Կոմիտաս վարդապետի եկեղեցին այլևս չկա

Բեսսե Քաբաք

Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին՝ 2019 թ, Սոֆյա Քալանթարյանի հետ Քյութահիա (Կուտինա-Ակունքի խմբ) այցի ժամանակ այդ բախտ եմ ունեցել հեռվից տեսնել այդ պատմական եկեղեցին, նման անփոխարինելի և արժեքավոր հուշարձանի քանդման հետևանքով առաջացած ցավն էլ ավելի է մեծանում։

Կուզեմ՝ պատկերացնեք, թե ոմանք Մակեդոնիայում գտնվող Ալաջա մզկիթը կամ Մուստաֆա փաշա մզկիթը սեփականաշնորհել են, նախ կինոթատրոն, հետո էլ հարսանյաց սրահ դարձրել, դրանով չբավարարվելով՝ ամենավերջում էլ այրել են։ Մտածելուց անգամ մարդու սիրտ է ցավում, այդպես չէ՞։ Ահա մեր սրտերն էլ, 107 տարի է, նման ավերածությունների պատճառով շարունակում են ցավ ապրել։ Վերջերս վաճառքի հանված մեկ այլ եկեղեցու պատճառով մեր ցավը դեռ չէինք էլ հաղթահարել, երբ այս անգամ էլ Քյութահյայում 15-րդ դարից մնացած  պատմական Սուրբ Թորոս/Թեոդորոս եկեղեցու քանդման լուրը ցավեցրեց մեր սրտերը։

Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, թե «Եթե սրանք լռեն, քարերն են գոռալու» (Ղուկաս 19-40), մեզ հիշեցնում է, որ հնարավոր չէ փաստերը լռեցնել։

Այդպես կամ 1915 թ․ Թեքիրդաղ (Թեքֆուրդաղ-Ակունքի խմբ), Էդիրնե (Ադրիանուպոլիս-Ակունքի խմբ), Բուրսա, Տրապիզոն, Գիրեսուն (Կերասուն-Ակունքի խմբ), Անկարա, Չորում, Մարաշ, Այնթափ և տասնյակ այլ քաղաքներում կատարված ողբերգությանն ականատես, այդ տառապանքն ապրած մարդկանց թիվն արդեն այնքան քիչ է, որ կարելի է ասել՝ գրեթե չկան։ Սակայն ոչնչացված, մեր պապերից մնացած դարավոր մեր արժեքներին պատկանող ամեն քար դեռ շարունակում է խոսել կորուսյալ հոգիների փոխարեն,  բղավել մեր ցավերի, կորուստների, կորուսյալ կյանքերի համար։

Սոցիալական ցանցերում արված այդ հրապարակման համաձայն՝ եկեղեցու շենքի տերը դարձած ընտանիքի անդամներից մեկը եկեղեցու քանդման վերաբերյալ ասել է․ «1951 թ․ Քյութահիայում առաջին կինոթատրոնը՝ Սարայ կինոթատրոն։ 1951 թ․ այդպիսի տեսլական ունեցող պապիկովս և հայրիկովս միշտ հպարտացել եմ։ Պապիկս հանդիսատեսին կինոթատրոն անվճար տեղափոխելու համար առաջին հասարակական ավտոբուսն է գործարկել․․․ Տարիներ շարունակ մղածս պայքարից հետո՝ 2021 թ․ հունվարին, եկեղեցին քանդվել է։ Սարայ կինոթատրոնն իր տն է գրավել Քյութահիայի պատմության մեջ։ Այն արդեն մեր հուշերում կմնա միայն»։

Կոմիտաս վարդապետի ծննդավայրը

Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին՝ 2019 թ․, Սոֆյա Քալանթարյանի հետ Քյութահիա (Կուտինա-Ակունքի խմբ․) այցի ժամանակ այդ բախտ եմ ունեցել հեռվից տեսնել այդ պատմական եկեղեցին, նման անփոխարինելի և արժեքավոր հուշարձանի քանդման հետևանքով առաջացած ցավն էլ ավելի է մեծանում։

Նեղլիկ փողոցով անցնելուց հետո մեր առջև հառնեց Սուրբ Թորոս/ Թեոդորոս եկեղեցին, որտեղ Կոմիտաս վարդապետը աստվածաշնչյան մեկնություններ է արել։ Այս անգամ էլ շատ ուզեցինք նրա համար աղոթքներ, աստվածաշնչյան մեկնություններ ընթերցել։ Սակայն եկեղեցու տիրոջ հետ մեր հեռախոսային խոսակցությունից հետո բացասական պատասխան ստացանք․ ապշահար մնացինք դարավոր տառապանքներ կրած այդ եկեղեցու փայտե դռան առջև։ Ապա ասացինք․ «Եթե համաձայն ես, ներս չմտնենք։ Կարևորը նպատակն է, երդումն իրականացնելը։ Մենք էլ նրա համար կաղոթենք եկեղեցու դռան առջև, աստիճանների վրա մոմ վառելով»։ Մեր եկեղեցու արդեն քանդված լինելու մասին տեղեկությունից հետո, եկեղեցի,  որի դռան առաջ ժամանակին աղոթել էինք, ամբողջ գիշեր չկարողացա քնել իմ սիրտը ճնշող ցավի պատճառով․․․

Այն միշտ կմնա հայերի հիշողության մեջ
Եկեղեցու շենքը Քյութահիայում բազմաթիվ մարդկանց հիշողության մեջ մնալու է որպես «Հարսանյաց սրահ», որտեղ կինոթատրոնի կողքին մի ժամանակ  քյութահիացի ընտանիքների երեխաներն են ուրախացել և կիսել իրենց  երջանկությունը մտերիմների հետ։

Սակայն հայերի հուշերում այն մնալու է որպես մի եկեղեցի, որն ամեն ավիրումից հետո վերակառուցվել է Քյութահիայի հայ աղյուսագործների կողմից, որի սուրբ մեռոնով օծված պատերի վրա խնկարկիչներից դարեր շարունակ ծխացած բույրը, ընթերցված աղոթքները, աստվածաշնչյան մեկնությունները գողացված են, մնալու է որպես 21-րդ դարի սկզբին  ավերված հինգդարյա պատմություն ունեցող մի եկեղեցի։

Ի՞նչ է կառուցվելու եկեղեցու տեղը

Չգիտեմ, թե այդ քանդված պատմական եկեղեցու փոխարեն կառուցվելիք շենքները ինչ արժեք կներակայացնեն մեր պատմական Քյութահիայի համար, սակայն եթե այնպես պատահի, որ շենքերը վաճառելու ժամանակ դժվարանաք և վնաս կրելու լինեք, Քյութահիա եկող զբոսաշրջիկներին այնտեղ տանելով՝ կարող եք ասել․ «Մի ժամանակ Քյութահիայի այս թաղամասերում ապրում էին աղյուսագործ հայ ընտանիքներ, որոնք Քյութահիան աշխարհին հայտնի էին դարձրել իրենց պատրաստած աղյուսներով։ 1512 թ․ աղբյուրներում առկա են տեղեկություններ այն մասին, որ այդ ժամանակ հայերը Քյութահիայում ապրած իրենց թաղամասերում երեք եկեղեցի են կառուցել։ Ամենահին հայկական եկեղեցին 1411 թ․ Գերմիյան որդիներ հիմնադրամի գրքույկում է հիշատակվում, սակայն հավանաբար այդ եկեղեցին տարիներ առաջ քանդված և տեղը կացարաններ սարքված Սուրբ Աստվածածին եկեղեցին է»։

Այնուհետև կշարունակեք․ «Սակայն այն շենքերը, որտեղ զբոսնում եք, կառուցելու համար մեր կողմից քանդված Սուրբ Թորոս/Թադեոս եկեղեցին էլ իր չափով էր արժեքավոր; Քյութահիայում ծնված աշխարհահռչակ կոմպոզիտոր, ազգային երաժշտագետ, հոգևոր երգչախմբի ղեկավար, երգահավաք, հայկական երաժշտական դպրոցի հիմնադրներից քահանա Կոմիտասը 1869 թ․ սեպտեմբերի 29-ին մկրտվել է մեր կողմից քանդված այդ պատմական եկեղեցում, իրենց երգեցիկ ձայնով հայտնի երգիչ հոր՝ քյութահիացի Գևորգ Սողոմոնյանի և հորեղբոր՝ Հարություն Սողոմոնյանի նման Կոմիտաս վարդապետն էլ իր գեղեցիկ ձայնով այս եկեղեցու կառույցներում կատարված ծիսակատարությունների ժամանակ աստվածաշնչյան մեկնություններ է ընթերցել, հավանաբար նրա հոր և մոր աճյուններն էլ հենց այս եկեղեցուց են հանել»։  Ամենավերջում էլ եթե ձեր հոգևոր աչքերը, ականջները բաց են, եթե գիշերային լռությանն ականջալուր լինեք, ապա այդ լռության մեջ կարող եք լսել մանուկ Կոմիտաս վարդապետի ընթերցած այդ գեղեցիկ աստվածաշնչյան մեկնությունները կամ էլ 1910 թ․ Քյութահիա այցի ժամանակ նրա հիմնադրած 100 երեխաների հոգևոր երգչախմբի հետ միասին այդ եկեղեցում ներկայացված երկու հիասքանչ համերգի ժամանակ հնչած երգերի հնչյունները․․․

http://www.agos.com.tr/tr/yazi/25257/gomidas-vartabed-in-kilisesi-artik-yok

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net