կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 17:50
Հասարակություն

Եթե հանրային հեռուստաընկերությանը վերադարձվի գովազդը, դա կնշանակի տարիներով հետ աշխատել. Ջաղինյան

Եթե հանրային հեռուստաընկերությանը վերադարձվի գովազդը, դա կնշանակի տարիներով հետ աշխատել. Ջաղինյան

Աժ-ում շարունակվում է 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության բյուջեի կատարողականը ներկայացրեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, նախքան Ջաղինյանին հարց ուղղելը, կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե Հանրային ՀԸ-ն գովազդի ինչ-որ չափաբաժին ունենա: Ըստ նրա՝ բյուջեից 6 մլրդ դրամ է հատկացվում Հանրային հեռուստառադիոընկերության, որից 5 միլիարդը ծախսվում է Հանրային հեռուստաընկերության վրա:

«Ես գիտեմ, որ մոտ 1 մլրդ դրամն էլ գնում է տարբեր այլ հիմնարկների՝ «Շողակաթ»-ին, Հանրային ռադիոյին և այլն: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և բոլորս շատ լավ գիտենք, որ թե' Հանրային ռադիոն, թե' «Շողակաթը» և մյուս ալիքները մեծ խնդիրներ ունեն ռեյտինգի առումով: Այն ժամանակ, երբ ցուցարարները մտել էին ռադիոյի շենք, բազմաթիվ մարդիկ նույնիսկ կատակ էին անում և ասում՝ 200 հոգի մարդ է լսում Հանրային ռադիոն, ինչո՞ւ եք գնացել ռադիոյի շենք»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Այստեղ խնդիր ունենք, և այդ հիմնարկները չունեն ռեյտինգ. «Շողակաթ» ՀԸ-ն շատ քիչ մարդ է նայում, իսկ մենք այնտեղ փող ենք տալիս, Հանրային ռադիոն շատ քիչ մարդ է լսում, մենք փող ենք տալիս»:

Ջաղինյանի կարծիքով` Սիմոնյանի բարձրացրած հարցերի վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է տարբեր մոտեցումներ ունենալ: Ըստ նրա` «Շողակաթ»-ը մշակութային, կրթական հաղորդումների է հեռարձակում, այդ առումով մեծ դեր է կատարում, այլ հարց է, թե ինչքանով է այդ դերն արդարացվում:

Ինչ վերաբերում է Հանրային ՀԸ-ի` գովազդ ունենալուն, Ջաղինյանը նշեց, որ դրանով  կկորցնի շատ բան: «Շատ գովազդ ունենալու համար Հանրային ՀԸ-ն պետք է անի այն ծրագրերը, որոնք շատ են դիտում: Եթե մտնի այդ դաշտը՝ ծրագրեր անի, որոնք շատ են դիտում, ապա կասենք՝ ինչո՞ւ է Հանրային մեզ մատուցում այդպիսի ծրագրեր»,- բացատրեց նա, ապա հավելեց. «Եթե Հանրային հեռուստաընկերությանը վերադարձվի գովազդը, դա կնշանակի տարիներով հետ աշխատել»:

Ինչ վերաբերում է Հանրային ռադիոյին, Ջաղինյանը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե ընդամենը 500 մարդ է լսում այն ամբողջ հանրապետությունում: «Ես հասկանում եմ, որ հնարավոր է ռադիոյի դռներ ջարդել, բայց հնարավոր չէ ասել, որ այն 500 հոգի մարդ է լսում: Եթե հետևեք, շատ հետաքրքիր ծրագրեր ունի»,- ասաց նա:

Սիմոնյանն արձագանքեց, որ այդ փիլիսոփայությունը (գովազդներ չունենալու /խմբ./) մեր բյուջեի վրա 6 մլրդ դրամ է նստում, դա այն հարցն է, որ պետք է քննարկվի: «Ունենք ծախսեր, որոնք արդարացված չեն: 7 մլրդ պարտք ունեցող երկիրը չի կարող իրեն թույլ տալ նմանատիպ ճոխություններ: Գովազդային շուկայում, դուք գիտեք, որ կա մի կազմակերպություն, որը հավաքագրում է գովազդները և սանկցիաներ է կիրառում մասնավոր ՀԸ-ների նկատմամբ, ում մոտ գովազդատուն գովազդ է տրամադրում, սա անթույլատրելի է, և այստեղ էլ մենք անելիք ունենք»,- ասաց պատգամավորը:

Ջաղինյանը պատասխանեց, որ գովազդային կազմակերպություններ կան բոլոր քաղաքակիրթ երկրներում, այլ հարց է` դա մեզ դու՞ր է գալիս, թե՞ ոչ: «Շատ քիչ պետություններում է, որ ամեն մեկն իր գովազդը վաճառում է: Մեզ մոտ դա մենաշնորհ չէ, դա տեխնոլոգիայի հնարավորություն է: Ասվում է, որ դա մենաշնորհ է, բայց դա տեխնոլոգիա է, և կարող են մի քանի գովազդային կազմակերպություններ լինել, բայց չկան»,- նշեց նա: