Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 17:50
Հասարակություն

«Երաժշտական փոստարկղ»-ին իսկապես մեշոկով նամակներ են ուղարկում. Ռուբեն Ջաղինյան

«Երաժշտական փոստարկղ»-ին իսկապես մեշոկով նամակներ են ուղարկում. Ռուբեն Ջաղինյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում Հանրային հեռուստառադիոընկերության` 2014 թվականի գործունեության մասին հաղորդում էր ներկայացնում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հարց ուներ Ռուբեն Ջաղինյանին: Մինչ հարցը հնչեցնելը նա նախ իր գոհունակությունը հայտնեց Հանրային հեռուստաընկերության երկու ծրագրերի՝ «Երաժշտական փոստարկղ»-ի ու «Անծանոթ Հայաստան» հաղորդումների վերաբերյալ: «Երկու հրաշալի ծրագիր ունեք, և ես ուզում եմ, որ խոսվի լավ բաների մասին: Այն, ինչ արվում է Հանրայինով, ուրիշ ոչ մի ալիքով չի արվում»,- ասաց պատգամավորը:

Նա մի դիտարկում արեց Հանրայինով հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդման վերաբերյալ` ասելով, որ իր համար վիրավորական է տեսնել, թե ինչպես են հայ աշակերտները, անգիր արած, պատասխանում հարցերին, մինչդեռ` այդ հաղորդումը շատ լավ սկսվեց սկզբում: «Պետք է ձևը մի քիչ փոխել ավելի ինտերակտիվ դարձել, բանավեճային»,- առաջարկեց Շուշան Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդմանը, Շուշան Պետրոսյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ այդ ձեռագիր նամակները իսկապես ուղարկվում են փոստով: «Այդ նամակները, փաստորեն, իսկապես ուղարկվում են: Անգամ ինձ ուղղված մի նամակ կար, որը Սուսաննա Շահինյանը ինձ հանձնեց»,- ասաց նա:

Ռուբեն Ջաղինյանը հաստատեց. «Ես ռադիոտանն եմ նստում, և ինքս եմ տեսնում մեշոկներով նամակները: Անգամ զարմանում ես, որ Կանադայից են նամակ ուղարկում, ոչ միայն` Ռոստովից ու Եղեգնաձորից: Այս օրերին, երբ ամենուր ինտերնետ կա... Ուրեմն դա ֆենոմեն է, և ես կուզենամ, որ այդ ծրագիրը մնա եթերում»: