Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, թե չի կարող ասել՝ արդյո՞ք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել մաքսայինում կատարված փոքր չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց և այլ չարաշահումներից:
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երևույթներ նույնիսկ եղել են, և արդյոք հայտնի է եղել իրենց կամ հայտնի չի եղել, մենք հանրության հետ պետք է պայքարենք այդ ամենի դեմ: Թե որքանո՞վ համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանո՞վ ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք»,- ասաց նա:
Ըստ Անանյանի՝ մամուլում շատ են եղել «չայևոյների» մասին հրապարակումներ: «Հիմա ես ասում եմ, որ նման կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ անել: Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա դա անելու, և եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ մենք ուրեմն ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի: Թե նախկինում ինչ է եղել, նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես, օրինակ, պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, նա խիստ կպատժվի` ընդհուպ մինչև ազատազրկում»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Հարցին՝ արդյո՞ք պետք չէ կադրային փոփոխություններ անել ու կոռումպացվածներին հեռացնել համակարգից, Անանյանն արձագանքեց. «Ուշադիր եղեք, կտեսնեք, որ արմատական կադրային փոփոխություններ են արվել ՊԵԿ-ում ու շարունակվում են, ուղղակի հետևեք»: