Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ասմունքող Լիանա Զուրաբյանը:
-Տիկի'ն Զուրաբյան, նախորդ տարի հայտարարեցիք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն եք անդամագրվում, բայց կարծես ակտիվություն չեք ցուցաբերում, այն էլ` այս` նախընտրական թոհուբոհում, ո՞րն է պատճառը:
-Ես կուսակցության մեջ ակտիվ չեմ, որովհետև ես ասմունքող եմ, բացի այդ` համագործակցում եմ բոլոր կուսակցությունների հետ, այնպես չէ` միայն «Հայկական վերածնունդի» միջոցառումներին եմ մասնակցում:
-Այսինքն` կարո՞ղ ենք բացառել, որ Դուք գալիք ընտրություններում պատգամավոր դառնալու ցանկությամբ և քաղաքական ակտիվությամբ հանդես կգաք:
-Որ պատգամավոր դառնամ, երկիրս կծաղկի: Քաղաքական հարցերի չեմ ուզում պատասխանել, եկեք մշակույթից խոսենք:
-Շատ լավ, այդ դեպքում` հնարավո՞ր է` միջոցառում կազմակերպվի, ասենք` ասմունքի երեկո` հաջակցություն «Հայկական վերածնունդի»:
-Իհարկե, հնարավոր է: Որտեղ ուզում են, որ լուսաբանվի գրականությունն ու պոեզիան` լինի «Վերածնունդը», թե` «Ժառանգությունը», ինձ համար միևնույն է, կգնամ ու սիրով կներկայացնեմ մեր մեծերին: Ուզո՞ւմ եք` դրսում միջոցառում կազմակերպեք` մեծերին կամ փոքրերին նվիրված, կամ քաղաքական գործիչներին ու նախագահին, շրջիկ մուրացկաններին. որտեղ նման բան կազմակերպվի ու հրավիրեն ինձ, ես սիրով կգնամ:
-Ուղղակի որ հենց «Հայկական վերածնունդի» անդամ եք, մտածում եմ` հենց նրանց նվիրված ասմունքի երեկո կկազմակերպեք:
-Ես այդ կուսակցության անդամ չեմ, նրանց անդամագրվելու համար պաշտոնապես չեմ տվել իմ համաձայնությունը: Այսինքն` այնպես չէ, որ պաշտոնապես դուրս եմ եկել այդ կուսակցությունից, ուղղակի մասնակցել եմ նրանց միջոցառումներին: Ես «Հայկական վերածնունդի» համակիր եմ, և հիմա էլ եթե լինեն միջոցառումներ, կարող եմ էլի գնալ ու ասմունքը ներկայացնել: Այնպես չէ, որ ձեռքերս պարզեմ ու գոռամ` «Վերածնունդ»: Ո՛չ «Վերածնունդ», ո՛չ Հանրապետական: Ես արվեստագետ եմ, ասմունքող, չեմ կարող ինչ-որ կուսակցության անդամ լինել, ավելի շատ ժողովրդական «վիճակների» մեջ եմ:
-Այսինքն` չեք էլ հետևո՞ւմ քաղաքական անցուդարձին:
-Իմ երկիրն է, իմ քաղաքը, չեմ կարող չհետևել: Հետևելը հետևում եմ, բայց ինչ-որ մեկի համար գոռգոռալ, տարվել, չէ, ինձ համար չէ: Ես չեզոք դիրք ունեմ բոլոր կուսակցություների հանդեպ, որտեղ պետք լինի մեր մեծերի խոսքը հնչեցնել, պատրաստ եմ իմ խաչը կրել: Ո՛չ վատաբանում եմ, ո՛չ էլ լավն ասում այս կամ այն կուսակցության մասին:
-Կարո՞ղ ենք ասել, որ ուղղակի հիասթափվել եք քաղաքական դաշտից. մարդիկ դաշինքներ են կազմում, դաշտեր փոխում, չենք էլ հասկանում` ով որ դաշինքի անդամ է հիմա:
-Դա արդեն ներքին խոհանոց է, որտեղ չեմ ցանկանա իմ կերակուրների կաթսաները բացել, ավելի լավ է` դրանք այդպես եփված մնան: Դուք ձերը եփեք ու կերեք: