կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 20:10
Արցախ

Այն պաշտոնյաներն, ովքեր անհարգալից վերաբերմունք դրսևորեն իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան խիստ արձագանքի

Այն պաշտոնյաներն, ովքեր անհարգալից վերաբերմունք դրսևորեն իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան խիստ արձագանքի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու և իրագործելու անհրաժեշտությունը: 

Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն քաղաքացիների և իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի: