կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 17:19
Քաղաքական

Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը. Արմենուհի Կյուրեղյան

Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

«Սիրելի' հայ ժողովուրդ: Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ: Մենք անընդհատ խոսում ենք երկրում սոցիալական արդարության կայացման անհրաժեշտության մասին, բայց սոցիալական արդարության կայացում, մասնակցային ժողովրդավարության ամրապնդում հնարավոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բավարար ներկայացվածության:

Իսկ ինչ ունենք այսօր. նախարարների, փոխնախարարների, մարզպետների ու փոխմարզպետների քաղաքների ու խոշոր համայնքների ղեկավարների թվում, 40000 և ավելի բնակչությամբ համայնքների ավագանիների կազմում կանայք համարյա ներկայացված չեն: Չպետք է մոռանանք, որ կանայք և տղամարդիկ տարբեր են, միևնույն հարցի վերաբերյալ տարբեր կերպ են մտածում, այլ մոտեցումներ ունեն: Եթե կանայք ներկայացված չեն որոշումների կայացման մակարդակներում, այդ ինչպես է հնարավոր նրանց այլ մոտեցումները քննարկվեն և հաշվի առնվեն:

Ստացվում է, որ կանանց՝ հասարակության կեսից ավելիի, բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ից ավելիի կարծիքները անտեսվում են որոշումներ կայացնելիս, ստացվում է, որ որոշումները կյանքի են կոչվում ոչ լիարժեք փորձաքննություն անցնելով և դրա արդյունքում էլ ունենում ենք որոշումներ, որոնք շատ արագ փոփոխելու անհրաժեշտություն է ծնվում: Ես ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի նպաստավոր պայմաններ, որոնք պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կդարձնեն առավել ընդգրկուն, կանանց հասարակական –քաղաքական գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ:

Ուզում եմ ընդգծել նաև ՀԿ սեկտորի լայնածավալ աշխատանքները հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման ուղղությամբ. նախ, ընտրական օրենսգրքում այսօր արդեն ամրագրված մինչև 30% քվոտա, ինչպես նաև նրանց կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում՝ հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակի բարձրացում կանանց շրջանում: Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում այլևս անհրաժեշտություն է:

Եվ մենք գտնում ենք, որ օրենսդրորեն պետք է ապահովել հասարակության կյանքի բոլոր ոլորտներում կանանց զուգակշռված ներկայացվածությանը նպաստող մեխանիզմներ, գտնում ենք, որ ԱԺ-ում պետք է քննարկել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց անբավարար ներկայացվածության հիմնախնդիրը, նշանակովի, հայեցողական պաշտոններում կանանց ներգրավվածության հնարավոր մեխանիզմների ներդրման հարցը: Մեր խմբակցությունը նախաձեռնում է ոչ ֆորմալ աշխատանքային խմբի ստեղծում, որի գործունեությունը միտված կլինի որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածության աստիճանի և արդյունավետության բարձրացմանը:

Դիմում եմ Ազգային ժողովի խմբակցություններում ընդգրկված կանանց` աջակցել այդ նախաձեռնությանը և, վերլուծելով երկրում առկա կանանց հզոր ներուժը, առաջարկել կառավարման համակարգում այդ ներուժի ներգրավման հնարավոր ուղիներ: Եվ վերջում, իհարկե, ուզում եմ ընդգծել, որ կանանց այսօրվա հզոր ներուժը երկրի զարգացման, կյանքի որակի բարելավման ուղղությամբ չօգտագործելը ուղղակի շռայլություն է:

Կանայք կարող են, կանայք ուզում են և կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը»: