Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստին. այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն է զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման գործընթացում:
Նա քննարկման մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը զինված ուժերում կանանց դերի վերաբերալ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ, մասնավորապես նշել, որ «Դարձիր օրինակ» իրազեկման արշավի շրջանակում տեսանյութեր են պատրաստվել ինչպես կուրսատների, այնպես էլ զինվորական ծառայությունն ընտանիքի հետ հաջողությամբ համատեղող կանանց մասին, որոնք ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ։
Արման Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմում մեծ ուշադրություն է դարձվում անհատական բողոքներին, օրինակ՝ Պաշտպանի աջակցության շնորհիվ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում։
Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Դեյվիդ Մորանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեդիան: Ծրագրի գլխավոր շահառուներից է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: