կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 12:03
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ակիրները բողոքում են․ միանձնյա որոշումների կայացման գործելաոճին պետք է վերջ դրվի

Եթե մեր հասարակությունը պատրաստ չէ ընդունելու մեզ ինչպես կանք, ի՞նչ միավորման մասին է խոսքը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց արդեն 9 տարի ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացին, որը ՄԻԱՎ-ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի այլ հաճախորդների և բուժանձնակազմի հետ բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նրանք բողոքում են  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու որոշման դեմ։

«Այլ բուժհաստատություններում խտրականության հանդիպում ենք միշտ։ Օրինակ, ռեանիմացիոն գնահատված հիվանդը 4 ժամ պառկած՝ չեն կարողացել հասնել նրան, որ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվի»,-ասաց նա։

Մինչդեռ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, նրա խոսքով, համբերատար վերաբերմունքով իրեն հասցրել են այն աստիճանի, որ, եթե ինքն իր կարգավիճակը չբացահայտեր, ոչ մեկը չէր կասկածի, որ ՄԻԱՎ-ով ապրող  մարդ է․ «Ունեմ 4 ամսական երեխա, աշխատանք ունեմ, ընտանիք ունեմ, բայց մահամերձ վիճակում եմ եղել։ Ամեն բարի բանի համար, որ ես ունեմ, շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին։ Ես շատ դժվար հիվանդ եմ եղել, այս մարդիկ համբերել են։ Ես աշխատանքի տարբերություն եմ տեսնում, «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները չեն կարողանալու ձգել, մասնագիտացում չունեն»։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունը երկու բուժկենտրոնի միավորման որոշումը կայացրել է առանց որևէ մասնագիտական քննարկման, առանց բուժհաստատությունների ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու՝ միանձնյա։    

«Պահանջում ենք, որ բերեն մասնագիտական քննարկման սեղանի շուրջ և կարողանանք այս խնդրին լուծում տալ»,-ասաց նա։

Բուժհաստատությունները միացնելու՝ կառավարության որոշման հիմքում, նրա խոսքով, մի սեղմիր է, որը ընդհանրապես կապ չունի գործընթացի հետ։

Նա մտավախություն ունի, որ կառավարման համակարգի փոփոխմամբ՝ վտանգվելու է ամբողջ այն համակարգը, որը իրենց հնարավորություն է տվել ունենալու վերահսկելի համաճարակ, միավորման պայմաններում լուրջ վտանգ են տեսնում, որ կանխարգելման մեխանիզմը չի գործելու։

Բուժհաստատությունների միավորման գործընթացում շահարկվեց նաև փոխտնօրենի բերման ենթարկվելու և կոռուպցիոն ռիսկերի թեման․ աշխատակիցներն ասում են՝ կոռուպցիոն ռիսկերի մասին խոսք չկա, իսկ փոխտնօրենը բերման էր ենթարկվել նորանշանակ պաշտոնակատարի հաղորդման հիման վրա, բայց ոչինչ չէր հաստատվել։ Նրանք՝ աշխատակիցներով, անգամ բաց նամակով դիմել են առողջապահության նախարարին և վարչապետին, որի տակ 100 աշխատակցից 70-ի ստորագրությունը կա։

Խոսքը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի՝ 2020 թ. փետրվարի 25-ից աշխատանքից ազատվելու և նախարարի մեկ այլ հրամանով Արթուր Բերբերյանի՝ կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մասին է: Փոխտնօրենին բերման էին ենթարկել կնիքը տնօրենի նոր պաշտոնակատարին չփոխանցելու համար։

«Մենք ցանկանում ենք վարչապետին անմիջականորեն ներկայացնել խնդիրը, որովհետև մտավախություն ունենք, որ այն ճիշտ չէ ներկայացվել»,-ասաց Ժանետա Պետրոսյանը։

Աշխատակիցներին ասել են, որ միավորման դեպքում՝ բուժհաստատությունները ժամանակավորապես կշարունակեն գործել ամեն մեկն իր ներկայիս շենքում, բայց նրանք վստահ չեն, որ դա երկար կշարունակվի։ Մտավախություն ունեն, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շենքը կվերցնեն։

«Ասում են, որ որևէ բան չի փոխվելու, բայց մենք վստահ չենք։ Կառավարության որոշման մեջ հստակ ասված է, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի շենքը հետ է վերցվելու, նախարարն ասաց՝ առայժմ մնալու է․․․ հարցեր կան, որոնք մեզ համար անհասկանալի է»,-ասացին նրանք։

Բոլոր օրինական միջոցներով մեր ձայնը լսելի ենք դարձնելու, որովհետև չենք կարող հետևել՝ ինչպես է ծածկադմփոցի սկզբունքով վերացվում արդյունավետ գործող համակարգը և փոխարենը ոչինչ չի առաջարկվում՝ ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի արդեն նախկին տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։

ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոնին միավորելու հիմնավորումների թվում է, օրինակ, «խարանի խտրականության նվազեցումը», բայց նախկին տնօրենը վստահ է, որ մեխանիկորեն երկու բուժհաստատությունների միավորումը ոչ մի կերպ չի կարող ազդել ոչ խարանի խտրականությունը նվազեցնելու, ոչ էլ բուժման արդյունավետությունը բարձրացնելու վրա։

Իրենց կենտրոնն, ասաց, ոչ միայն կղզիացած չէ, այլև սերտ ինտեգրված համագործակցում է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հետ, տուբերկուլյոզային ծառայության հետ և չկա այնպիսի ոլորտ, որ իրենց հաճախորհդների համար մաքսիմալ հասանելի չլինի։

ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը, նրա խոսքով, լավագույն օրինակ է շատ երկրների համար, ունի այնպիսի ձեռքբերում, որ բացառվել է մորից երեխային ՁԻԱՀ-ի փոխանցումը։ ՄԱԿ-ի կողմից «լավագույն ծառայություն» անվանակարգում մրցանակ է ստացել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը ևս շատ բարձր գնահատականի է արժանացրել իրենց կենտրոնի գործունեությունը։

«Մեր ակնկալիքն է, որ այն որոշումը, որն արդեն իսկ կայացված է առանց քննարկումների, կասեցվի, ի վերջո նստենք սեղանի շուրջ և բանավեճ ծավալենք։ Առողջապահության նախարարության միանձնյա որոշումների կայացման գործելաոճին պետք է վերջ դրվի»,-ասաց Սամվել Գրիգորյանը։

Նրանց համար անընդունելի է մարդկանց մի խմբի ամբիցիոզ գործելաոճը, որոնք պատրաստ չեն լսելու այլ կարծիք և ընդունելու սեփական սխալները։  

Աննա Բալյան