կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 13:46
Քաղաքական

Թեկնածուների միջեւ կրկին բացակայում է բանավեճերի մշակույթը. Արմենուհի Կյուրեղյան

Թեկնածուների միջեւ կրկին բացակայում է բանավեճերի մշակույթը. Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ համամասնական ցուցակում ներկայացված, Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արմենուհի Կյուրեղյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ութերորդ օրը, նշեց, որ Դաշնակցությունը, ի տարբերություն մյուս ուժերի, ներկայացնում է իր ծրագիրը, գաղափարախոսությունը:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ԱԱԾ-ն պիտի զբաղվի նրանցով, ով մեզ կասկածում ա Արցախի հարցում սխալ քաղաքականության մեջ, և հակահետախուզությունը պիտի հասկանա՝ իրենք օտարերկրյա գործակալ են, թե ոչ, քանի որ սա պետական դավաճանություն է», Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ում էլ նկատի ունենա, նման արտահայտություն չի կարելի անել: «Ընդհանրապես դա նշանակում է այլ կարծիք չբարձրաձայնել, ինչպե՞ս կարելի է այլակարծությունը համարել օտարերկրյա գործակալի աշխատանքի իրականացում»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, Արմենուհի Կյուրեղյանը Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող բառապաշարը համարեց վարչական ռեսուրսի կիրառման մի նոր ձև: «Այսինքն՝ մարդկանց այդ ելույթներով վախեցնում են: Եթե նախորդներին քննադատում էինք ընտրակաշառքով քվեներ գնելու մեջ, ապա ես այսօր այս ուժի մեջ տեսնում եմ վախի մթնոլորտ ստեղծելով քվեներ հավաքելու փորձ, դա հենց վարչական ռեսուրսի կիրառում է: Ի՞նչ է նշանակում` գյուղապետնե՛ր, ես ձեզ պատին կծեփեմ»,-ասաց նա և նկատեց, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի ներկայանում որպես վարչապետ, իսկ որպես թեկնածու իրավունք չունի վարչապետի անունից հրահանգներ տալ գյուղապետներին:

Ըստ նրա՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը տանում է այս բառապաշարով, Դաշնակցության ձայներն օր օրի ավելանում են:

«Անկեղծ ասած, ես շնորհակալ եմ իրենից, որ նման քարոզարշավ է տանում, քանի որ դրանով մեր վարկանիշը համեմատության մեջ շատ բարձր է»,- ասաց թեկնածուն և նկատեց, որ Դաշնակցությունն է, որ քարոզարշավը ավելի շատ տանում է ծրագրերի ներկայացմամբ, գաղափարախոսությամբ, և հանրությունը հենց ծրագրեր լսելու կարիք ունի, ուստի Դաշնակցության վարկանիշը ավելի է բարձրանում:

Մասնավորապես, անդրադառնալով Լոռու մարզում քարոզչություն անցկացնելուն՝ Արմենուհի Կյուրեղյանը նկատեց պաստառների «չտեսությունը» և նշեց, որ ամբողջ ծառերն են նույնիսկ պաստառապատել: Նա նաև ասաց, որ ռեյտինգային թեկնածուների միջև նորից բանավեճերի մշակույթը չկա: Ըստ նրա՝ անպայման Դաշնակցությունը կլինի ներկայացված Ազգային ժողովում: