կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 16:40
Քաղաքական

Կանանց ներգրավվածությամբ որոշումների կայացման գործում մշակույթ է փոխվում. Արմենուհի Կյուրեղյան

Կանանց ներգրավվածությամբ որոշումների կայացման գործում մշակույթ է փոխվում. Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ նախընտրական ցուցակում պատգամավորության կին թեկնածուների թիվը 38-ն է: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ իրենք ոչ միայն համաչափությունն են պահպանել, դեռ օրենքի պահանջից մի փոքր էլ ավելի են ապահովել կանանց ներգրավվածությունը: Ըստ նրա` յուրաքանչյուր մարզում թեկնածուների 25 տոկոսից ավելին կանայք են:

«Ես իմ բոլոր ելույթներում միշտ կարևորել եմ կանանց ներգրավվածությունը ոչ միայն օրենսդիրում, այլ նաև որոշումների կայացման բոլոր մակարդակներում: Ցանկացած որոշում վերաբերում է հանրությանը, որի կեսից ավելին կանայք են, հետևաբար` օրենքի, որոշումների շահառուները նաև կանայք են: Եթե նրանք չմասնակցեն այդ որոշումների կայացմանը, որոշումը կյանքի կոչվելուց հետո հաստատ փոփոխության կարիք կունենա»,- ասաց ՀՅԴ-ական պատմագավորը:

Ըստ նրա` կանանց ներկայությունը մթնոլորտ է փոխում, սակայն ինքն առաջին հերթին փոփոխություն է տեսնում որոշումների կայացման մշակույթի մեջ: «Կանանց ներգրավվածությամբ մշակույթ է փոխվում որոշումների կայացման գործում, իսկ դա կարևոր է»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե կոտրվո՞ւմ են կարծատիպերը, որ որոշ պաշտոններ, այնուամենայնիվ, կանայք չպետք է ստանձնեն, Կյուրեղյանը պատասխանեց, որ արդեն կամաց-կամաց սկսվել է այդ գործընթացը: «Ինքս Նիկոլ Փաշինյանի առաջ այդ հարցադրումները մի քանի անգամ արել եմ, քանի որ նա կառավարության համակարգում չէր ներառել այդ հարցը, բայց հրապարակային հայտարարել էր, որ կարևորում է կանանց ներգրավվածությունը: Ես միշտ համարել եմ, որ ուղղակի անհրաժեշտություն է նաև նշանակովի պաշտոններում կանանց ներառելը: Հանրության մեջ այդ փոփոխությունն արդեն իսկ նկատվում է: Կարծրատիպերը դեռ չեն կոտրվել, բայց սկսել են փոխվել»,- ասաց նա:

Կյուրեղյանը խոսքն ամփոփեց` ասելով, որ մարդուն պետք է գնահատեն որպես անհատի` իր հմտություններով, կարողություններով, ոչ թե այս կամ այն սեռին պատկանելությամբ: