կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 12:54
Քաղաքական

Ընտրությունների նախապատրաստության համար ժամանակ է պետք

Ընտրությունների նախապատրաստության համար ժամանակ է պետք

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հենց այս տարվա ընթացքում, քաղաքական շրջանակներում պնդում են, որ դա անհնար է։ Բանն այն է, որ, Վենետիկի հանձնաժողովի որդեգրած սկզբունքների համաձայն, Սահմանադրության կամ սահմանադրական օրենքում ընտրակարգի փոփոխությունից առնվազն մեկ տարի հետո կարող են միայն ընտրություններ անցկացնել։ Իսկ առայժմ նույնիսկ փոփոխությունների ժամկետները հայտնի չեն։

Ի դեպ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը արտահերթ ընտրությունների իրենց պատկերացումների մասին խոսելիս մեզ հետ զրույցում կրկին հիշեցրել է այդ պահանջի մասին՝ ասելով նաեւ, որ ընտրությունների երկրորդ նախապայման պետք է հանդիսանա քաղաքական ուժերի համաձայնությունը, որովհետեւ, Համբարձումյանի խոսքով, պետք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, նախապատրաստվելու ժամանակ ունենան․

«Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ողջամիտ ժամկետներում, անկախ քաղաքական հաշվարկներից, ցանկություններից եւ մոտեցումներից, Հայաստանում մեկ անգամ պետք է ունենանք ազատ, անկախ ընտրություններ, որը կլինի նախադեպ հաջորդ ընտրությունների համար, իսկ դրա համար ընտրություններին պետք է գնալ լավ նախապատրաստված, ինչը ենթադրում է, որ Ընտրական օրենսգրքում եւ հարակից փաթեթներում պետք է կատարվեն փոփոխություններ, տեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծում՝ մատնահետքերի հետ կապված, էլեկտրոնային քվեարկության հետ կապված, ընտրացուցակների եւ այլն, իսկ այս ամենը ենթադրում է ժամանակ եւ ֆինանսներ»։

Hraparak.am