կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 15:36
Քաղաքական

Պետք է կարողանանք ընտրությունների ժամանակ մեկ միասնական փաստաթուղթ ունենալ. Աղվան Վարդանյան

Պետք է կարողանանք ընտրությունների ժամանակ մեկ միասնական փաստաթուղթ ունենալ. Աղվան Վարդանյան

Արդեն հայտնի է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու չորս տարբերակ է առաջարկել: Առաջինը տեղեկանքի առկայությունն է, որը հնարավորություն կտա ընտրական հանձնաժողովներում փաստելու, որ նույնականացման քարտով հանրաքվեին մասնակցող անձը նույն անձն է, և այդ տեղեկանքի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք: Երկրորդ տարբերակը 9-րդ ձևին է վերաբերում, որը կարող է տրվել քվեարկողներին: Երրորդ տարբերակը նույնականացման քարտ ունեցողների տվյալների փոխանցումն է ընտրական հանձնաժողովներին և դրանց հրապարակումը, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներին պատշաճ վերահսկողություն իրականացնելու: Չորրորդ տարբերակով՝ ՀՅԴ-ն առաջարկում է մատները թանաքոտել:  

Yerkir.am-ի հարցին, թե Դաշնակցության առաջարկների ընդունումն ի՞նչ փուլում է, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենք իրենց առաջարկներով ցանկանում են այնպիսի մեխանիզմ ներդնել, որը կվերացնի խախտումների հավանականությունն առնվազն տեսականորեն:

«Եթե քայլ անում ես, պետք է անես նաև դրան հակակշող քայլը: Մեր առաջարկներից  որն էլ ընտրվի, մեզ համար ինչ-որ չափով կլինի հակակշիռ: Հիմա քննարկումներն ընթանում են, և ես չեմ բացառում, որ այսօր ևս քննարկումներ կունենանք քաղաքական մեծամասնության, օրենքի նախագծի հեղինակների հետ: Մենք ամեն  ինչ անելու ենք, որ տարբերակներից գոնե մեկն ընդունվի»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով`շատ կարևոր է նաև այն, որ մենք պիտի ունենանք անձը հաստատող միասնական փաստաթուղթ: «Չի կարող այս խառնաշփոթը լինել` չորս-հինգ տեսակի անձնագրերին և այլնին վերաբերող: Մեկ միասնական փաստաթուղթ պետք է ունենան բոլորը, բնականաբար, այս պայմաններում թեկուզ հենց նույնականացման քարտը: Պետությունը պարտավոր է քաղաքացիներին ապահովել նույնականացման քարտերով, եթե անգամ ծախսերը շատ են:  Մենք պետք է  կարողանանք ընտրությունների ժամանակ մեկ միասնական փաստաթուղթ ունենալ»,- ասաց Վարդանյանը և հավելեց. «Եթե մենք ուզում ենք նորմալ, արդար ընտրություններ անցկացնել, անհրաժեշտ է իքս գումար: Բազմաթիվ արտասահմանյան կառույցներ պատրաստ կլինեն այդ ներդրումն անել: Ես ափսոսում եմ, որ Հայաստանում ID քարտերի գործընթացը կիսով չափ տապալվել է, և դրա համար մեղավորներ կան»: