Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցությունը միշտ էլ միասնական է եղել, մեր կուսակցության հետ կապված այդպիսի կասկածներ չեն կարող լինել. վարչապետի թեկնածու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վաղը քվեարկելու ՀՅԴ-ն:
«ՀՅԴ-ն միշտ միակամ և միաձայն է իր տեսակետը հայտնել: Մենք մեր տեսակետը նախօրոք հայտնել ենք, որ այս փուլում առաջադրվելու դեպքում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ շատ հստակ պատկերացնում են, որ վարչապետ ընտրելուց հետո Հայաստանում առաջանալու է նոր իրավիճակ, որի մասին էլ խոսել են Փաշինյանի հետ:
«Բովանդակային առումով մեր մոտեցումների միջև տարբերություններ գոյություն չունեն: Սա մեզ համար ամենասկզբունքայինն է եղել, որ հանգենք այս եզրակացությանը: Ես չեմ ուզում բացել շատ փակագծերը, բայց խոսքը վերաբերում է արտաքին ու ներքին քաղաքականության ուղղություններին: Իրար հետ փորձել ենք համադրել մեր տեսակետները, և իսկապես ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ չունենք»,- ընդգծեց նա:
Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն: «Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած ճանապարհով: Մենք չենք կարող Սահմանադրությունը ծալել-դնել մի կողմ և խոսել մեր ցանկություններից: Մենք խոսել ենք Փաշինյանի հետ: Նպատակն այն չէ, որ արտահերթ ընտրություններ լինեն հնարավորինս շուտ: Արտահերթ ընտրությունները ևս պետք է սահմանադրորեն նախանշված դրույթներով ու մոտեցումներով անցկացվեն»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` ժամկետները պետք է լինեն ողջամիտ, համախոհությամբ պետք է կարողանան այդ հարցը լուծել: «Մենք ուզում ենք այնպիսի ընտրություն անցկացնել, որ բոլորս ունենանք հավասար մասնակցություն, այդ ընտրությունների արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չդնի, և ամենագլխավորը` դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, որոնք այսօր պահպանված չեն»,- նշեց Ռուստամյանը:
Ըստ նրա` այս ամենի իմաստն այն չէր, որ արագ ընտրություններ անցկացվեն, ամենաարագը ոչ մեկի համար ընդունելի չէ, այն վարչապետ չընտրելու դեպքում կլինի: «Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որը ենթադրում է 3/5-րդ մեծամասնություն, որը սահմանադրական մեծամասնություն է: Այդ սահմանադրական օրենքի փոփոխությունն ինքնին ժամանակ է պահանջում, ես չեմ կարող գնահատել օրերով: Ողջամիտն այն է, որ բոլոր փոփոխություները պետք է կատարվեն, որ բացառվի ընտրակաշառքի երևույթը, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասաց պատգամավորը:
Հարցին` վաղը կընտրվի՞ վարչապետ, նա պատասխանեց. «Հուսով եմ` մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերում: Այս ամենն այսքան երկար ձգվել չի կարող, որովհետև որքան երկարում է այս վիճակը, այնքան մեր երկիրն է թուլանում, այնքան մեր թշնամու ախորժակն է ավելանում: Սա մենք պետք է ամեն ձևով բացառենք: Այստեղ ՀՅԴ-ն լինելու է անզիջում, ամեն ինչ անելու է, որ բացառի թշնամու ախորժակի մեծացումը»:
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ դուրս եկան կոալիցիայից, Ռուստամյանը պատասխանեց, որ դրա համար երկու պատճառ կար: «Կոալիցիայից դուրս ենք եկել, քանի որ կոալիցիոն հուշագիրն այս ֆորսմաժորային իրավիճակում չէր գործում, և որ մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունը իրականացնել: Մենք չենք կարող այն դաշտի մեջ լինել, որտեղ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հանրապետականին: Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի, ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածուին, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով սահմանված կաշկանդումից: Սա հնարավորություն տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս պրոցեսի մեջ: Ժամանակը կգա, կտեսնեք, որ Դաշնակցությունն այստեղ խաղացել է կարևորագույն, լրջագույն դեր»,- եզրափակեց պատգամավորը: