Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է: Նշենք, որ այս նշանակումը հաջորդեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արտաքին գործերի նախարարությունում անհրաժեշտ է ևս մեկ փոխնախարարի հաստիք, որը կզբաղվի արտգործնախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ տնտեսական կապերի աշխուժացման ու ներդրումների ներգրավման գործով:
Yerkir.am-ի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա այն պաշտոնն է, որի մասին նշել է Սերժ Սարգսյանը, պատասխանեց. «Կարելի է ենթադրել, որ այդ պաշտոնն է, որովհետև Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս բարձրաձայնեց արտաքին քաղաքական ոլորտում տնտեսական բաղադրիչի ուժեղացման անհրաժեշտության մասին»:
Պատգամավորը համաձայն է, որ Հայաստանի տնտեսությանը նոր շունչ հաղորդելու գլխավոր նախապայմաններից մեկը օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է: Այդ գործում Հայաստանի դեսպանատները, ըստ Հարությունյանի, առ այսօր շատ կրավորական կեցվածք են ունեցել, որովհետև նման խնդիր չէր դրվել նրանց առջև, որովհետև համակարգն այդպիսի խնդիրներ լուծելուն համապատասխանեցված չէր:
«Օրինակ` ԱԳ նախարարի տեղակալների մեջ չկար մարդ, ով ի պաշտոնե կոչված պետք է լիներ այդ խնդիրները արտաքին քաղաքականության մեջ խորացնելու և առաջ տանելու, չկար նման պատասխանատու, չկար համապատասխան վարչություն: Եվ ահա Սերժ Սարգսյանը կատարեց շատ ռադիկալ քայլ: Դա շատ պատասխանատու պաշտոն է դառնում, որովհետև այդ պաշտոնյան համակարգելու է մեր դեսպանատների աշխատանքը` պոտենցիալ ներդրողների հետ փոխհարաբերությունները կարգավորելու առումով, համակարգելու է միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը և ուղղորդող դերակատարում է ունենալու տնտեսական քաղաքականության մեջ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Հարցին, թե արդյո՞ք կկարողանա իր որդին իրականացնել այդ պատասխանատու աշխատանքը, պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Ես հարցն այլ կերպ կձևակերպեի` արդյո՞ք նա տեղյակ է ոլորտին: Երբ նա աշխատում էր Զարգացման գործակալության տնօրենի պաշտոնում, զբաղվում էր օտարերկրյա ներդրողների հետ կապեր հաստատելու հարցերով, Հայաստանի տնտեսությունը օտարերկրյա հարթակներում ներկայացնելու խնդիրներով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարի պաշտոնում նրան հաջողվեց մոտիկից ծանոթանալ մեր գործընկեր պետությունների տնտեսական կարողությունների հետ: Անշուշտ, այս ամենը օգտակար կլինի նրա աշխատանքում: Եվ եթե հաշվի առնենք նրա կրթությունը, նա վատ կրթություն չի ստացել, ավարտել է ֆինանսական ակադեմիան, պաշտպանել թեկնածուական թեզը տնտեսական գիտությունների գծով, ավարտել է սլավոնական համալսարանը, Շվեյցարիայի բիզնես դպրոցը: Մնում է, որ այդ գիտելիքները օգտակար լինեն նրա աշխատանքում»:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի տարատեսակ կարծիքները, թե Խոսրով Հարությունյանի գործոնն է որոշիչ եղել այդ պաշտոնին նրա որդու նշանակման համար, պատգամավորը պատասխանեց. «Եկեք ռեալ լինենք, առնվազն շատ միամիտ կլինի ենթադրել, որ իմ գործոնի շնորհիվ են իմ որդուն նշանակում այդչափ պատասխանատու պաշտոնին: Իհարկե` ոչ, գուցե իմ գործոնը դեր խաղացել է, բայց ոչ` վճռական: Վաղուց մեր երկրում պատասխանատու պաշտոններին չեն նշանակում` այս կամ այն ընկերական կապերից ելնելով: Նախևառաջ հաշվի են առնվում մասնագիտական պիտանելիությունը, որակները, կարող եք չկասկածել: Այսօր մենք ունենք բազմաթիվ պատասխանատու պաշտոնյաներ, որոնց ո\'չ հայրը, ո\'չ քեռին հայտնի մարդիկ չեն: Պարզապես գայթակղությունն է մեծ` այդպես ներկայացնելու հանրությանը: Մի մասն էլ կարող է այդպես մտածե, ես հո չեմ կարող բոլորին արգելել, որ այլ կերպ մտածեն: Բայց ես հավատացնում եմ, որ դա չի եղել էականը: Իհարկե, նախագահ Սարգսյանը գիտի, որ նա իմ որդին է, բայց դա չի նշանակում որ այդ պաշտոնին նշանակել են նրա համար, որ նա իմ որդին է»:
Ինչ վերաբերում այն հարցին, թե ինչպե՞ս է ընդունելու քննադատությունները` ուղղված իր որդուն, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ցավով կտանեմ: Եթե առողջ քննադատություն լինի, նորմալ կվերաբերվեմ, որովհետև առողջ քննադատությունը նպաստում է լավ աշխատանքին: Բայց շատ դեպքերում քննադատում են հանուն քննադատելու՝ բուն էությունը մի կողմ թողնելով: Դա ցավ է պատճառում»: