կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-27 21:31
Քաղաքական

Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. Փաշինյան

Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. Փաշինյան

Այսօր Գյումրիում հրավիրած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արտաքին քաղաքական որոշ հարցերի մասին: Նրա խոսքով` որոշ շրջանակներ փորձ են անում ներկայացնել, թե իշխանություն գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ:

Փաշինյանը ավելորդ համարեց կրկնել այն ակներև փաստը, որ Հայաստանը ամենևին Ռուսաստանի թշնամին չէ, բայց նաև շեշտեց, որ «մենք մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ, արկածախնդիր ճանապարհով»:

«Իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսների չենք գալու:Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Սակայն  մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովել է մինչ հիմա»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման աշխարհաքաղաքական հարցերը չպետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ: Այն համբերատար խաղաղ, գործընկներային աշխատանքի հարց է:

 Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ դառնալու դեպքում Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած խորը և համապարփակ համագործակցության պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, և ըստ Փաշինյանի,  սա չի նշանակում, որ համարում են երկու ուղղությամբ Հայաստանի համագործակցությունը անթերի են, պարզապես  պետք է ձգտեն այդ հարաբերությունները դարձնել անթերի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դեմ է քվեարկել Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալու նախագծին, ավելի ուշ` ներկայացրել նախագիծ` ԵՏՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: