Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով հիմնական զեկուցող` ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, ասաց, որ տեղեկացված են` նմանատիպ համաձայնագիր ԵՄ-ն կնքելու է նաև Ադրբեջանի հետ, ապա հարցրեց. «Որևէ տեսակի տեղեկացվածություն ունե՞ք` արդյո՞ք ԼՂ հարցի կարգավորման համար նույն հռետորաբանությունն ու նույն մոտեցումները պահպանված են»:
Նազարյանը նշեց, որ նման համաձայնագրերի քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, բովանդակության մասին երրորդ կողմն ընդհանրապես չի իրազեկվում:
«Այդուհանդերձ, մենք տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում քննարկվում է նաև հակամարտությունների կարգավորման խնդիրն այնպես, ինչպես ձևակերպված է մեր համաձայնագրի պայմաններում: Մենք նշել ենք առավել կարևոր միասնական` հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտության մասին, ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր` այսպես կոչված հայտարարված մոտեցումը: Հուսանք` դրա ականատեսը կլինենք շուտով: Հույս ունենք` ԵՄ մեր գործընկերները կդրսևորեն իրենց սկզբունքային մոտեցումը»,- ասաց Նազարյանը:
Թանդիլյանի հաջորդ հարցը վերաբերում էր վիզաների ազատականացմանը: «Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ի՞նչ փուլում է»,- հարցրեց պատգամավորը:
Նազարյանն էլ ասաց, որ համաձայնագրում խոսքը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին է: «Սա երկուստեք հանձնառություն է, որը կողմերը ստանձնել էին դեռևս 2015 թվականին: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից Հայաստանին կտրամադրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը: Դա իրենից ներկայացնելու է բարեփոխումներ պարունակող գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ ծրագրերի քննարկմանը և ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական ծրագրերի: Մենք սկսել ենք մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը և հույս ունենք, որ դրանք ըստ արժանավույն կգնահատվեն նաև ԵՄ կողմից»,- տեղեկացրեց նա:
Թանդիլյանը նաև հետաքրքրվեց` արդյո՞ք համաձայնագրով նախատեսված 160 մլն եվրոն Եվրամիությունը տրամադրել է, եթե` այո, ապա ի՞նչ ուղղություններով են դրանք ծախսվել:
Փոխնախարարի խոսքով` ԵՄ-ի կողմից Հայաստանին արդեն տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որի ծավալն առաջիկա տարիներին կավելացվի համապարփակ և գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը ապահովելու նպատակով:
«2017-2020 թվականների ժամանակահատվածի համար Հայաստանին տրամադրվելու է 170-175 մլն եվրո: Արդեն իսկ հաստատված է ԵՄ-ի կողմից համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը»,- եզրափակեց նա: