Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Թեմայի հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: «Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին»,-ընդգծեց նա` հավելելով. «Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկության, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում»:
Ինչ վերաբերում է համաձայնագրում ամրագրված այն դրույթին, համաձայն որի` սահմանին իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք, ապա Բաբայանը նշեց, որ այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որոնց` կողմերը պարտավորվում են չկիրառել քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչընդոտների և սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցների ԱՀԿ բազային սկզբունքները:
Նա նաև հստակեցրեց, որ համաձայնագրի անբաժանելի մաս են կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների համար կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: «Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են և ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրանի արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ»,- հայտնեց փոխնախարարը:
Բաբայանը նաև հարկ համարեց նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: «Ցանկերում նշված որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվում է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում: Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը և մեղրը»,- մանրամասնեց նա` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը:
Ինչ վերաբերում է արդյունաբերական ապրանքներին, ապա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են և ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ դեղամիջոցներ, կուտակիչներ և տրիկոտաժե արտադրանք: