Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էր եվրաինտեգրման հարցերի վերաբերյալ հաշվետվությունը` 2014թ. բյուջեի կատարողականի համատեքստում: Քննարկվում էին արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերը, դրամաշնորհային ծրագրերը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե ի՞նչ վիճակագրություն կարող է ներկայացնել` եվրոպական դրամաշնորհային ծրագրերի նվազման հետ կապված: Ջանջուղազյանը պատասխանեց, որ եթե խոսքը 2014-ի մասին է, ապա, դրամաշնորհային ծրագրերի հետ կապված, որևէ փոփոխություն կամ նվազում չի եղել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց, թե ոչ պետական սեկտորը, ՀԿ-ները որքա՞ն գումար են ստանում ԵՄ-ից: «Հայաստանում ներդրումները կտրուկ նվազեցին սեպտեմբերի 3-ից հետո, երբ քաղաքական իշխանությունը անսպասելի կերպով շրջադարձ կատարեց Ասոցացման պայմանագրից դեպի ԵՏՄ: ԵՄ-ից ներդրումների դինամիկան որքանո՞վ պակասեց»,- հարցրեց պատգամավորը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չունի տեղեկատվություն` նման հարցերի պատասխանելու համար:
Արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանն էլ նշեց, որ անցնող տարում ԵՄ-ի հետ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման թեմայով: Ըստ նրա` նախատեսվում է ԵՄ-ի հետ երկխոսություն` ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական եւ այլ ոլորտների առնչվող հարցերով: Դեռևս քննարկվում է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատի հարցը: Իսկ առաջնային ոլորտներից Կարեն Նազարյանը նշեց գիտության բնագավառում հետազոտությունների հարցերը, ձեռնարկությունների մրցունակության ծրագրերը, ավիացիոն ոլորտում համագործակցությունը և այլն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Կարեն Նազարյանին` ասելով, որ չեն կարող առաջ անցնել` առանց անդրադառնալու Ռիգայի համաժողովին: «Հայաստան- ԵՄ հարաբերությունների կարգավորման առումով կան լավատեսներ ու հոռետեսներ: Լավատեսները վստահ են, որ մինչև տարեվերջ Հայաստանը կստանա բանակցային մանդատը, որը կկարգավորի Հայաստան-ԵՄ հարաբերությունները, իսկ հոռետեսներն էլ կարծում են, որ սա հերթական իմիտացիոն պրոցեսն է լինելու, և մեր ռազմավարական գործընկերը կկասեցնի Հայաստան-ԵՄ ռեստարտ եղած հարաբերությունները: Ո՞ր խմբին եք Դուք պատկանում»,- հարցրեց պատգամավորը Կարեն Նազարյանին:
Փոխարտգործնախարարը պատասխանեց, որ պատկանում է լավատեսների շարքին, որովհետև բավական աշխատանք է տարվել՝ ի հայտ բերելու համատեղելի տարրերը: «Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, հուսանք, որ մանդատի հարցը երկար սպասեցնել չի տա, և մենք կանցնենք այդ աշխատանքներին»,- ասաց Կարեն Նազարյանը: