Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց 2016թ. դեկտեմբերին Աջափնյակում 56-ամյա ոսկերիչի սպանության գործով մեղադրական ճառը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին է Հյուսիսային ավտոկայանի տնօրենի տեղակալ, Աջափնյակի թաղապետարանի նախկին պաշտոնյա Արմեն Բաղդասարյանի որդին` Աշոտ Բաղդասարյանը: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ի մասի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հատկանիշներով:
Մեղադրող դատախազ Սավթալյանն այսօր միջնորդեց մեղավոր ճանաչել Բաղդասարյանին և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Համաձայն մեղադրական եզրակացության` Աշոտ Բաղդասարյանը հեռախոսազրույցի ընթացքում Տ. Արշակյանի կողմից իր հոր հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու նպատակով գնացել է նրա բնակության վայրը, որից հետո վիճաբանության մեջ է մտել Տ. Արշակյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է Տ. Արշակյանի դեմքին: Այնուհետև որդուն` Տ. Արշակյանին պաշտպանելու համար Ս. Արշակյանի կողմից վիճաբանությանը միջամտելուց և Ա. Բաղդասարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելուց հետո Ա. Բաղդասարյանը ապօրինի իր մոտ պահվող ատրճանակով հարվածել է Ս. Արշակյանի գլխին` պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, որից հետո երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակին, ինչի հետևանքով առաջացած արյան սուր կորստից Ս. Արշակյանը մահացել է: Աշոտ Բաղդասարյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար, իսկ սպանություն կատարելու համար իրեն մեղավոր չի ճանաչել:
Ամբաստանյալը նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը Սամվել Արշակյանին սպանելու նպատակ չի ունեցել, այլ ուղղակի պաշտպանվել է: Ամբաստանյալը հայտնել է, որ տուժողի որդին` Տիգրան Արշակյանը, զանգահարել է իր հորն ու անհարգալից խոսել նրա հետ: Հորն «Արմեն»-ով դիմելու հարցի շուրջ ծագած վիճակաբանությունը շարունակվել է Արշակյանի տան դիմաց: Ըստ Աշոտի Բաղդասարյանի ցուցմունքի` ինքը բռնունցքով հարվածել է Տիգրանին ու այդ ընթացքում զգացել, որ ինչ-որ մեկն իր մեջքի հատվածում վնասվածքներ է հասցնում: Զգալով սուր ցավ` բարձրացել, տեսել է` Սամվել Արշակյանը փորձում է հարվածել, ինքն էլ փորձել է պաշտպանվել. մեքենայի հետևի նստատեղից վերցրել է ատրճանակն ու փորձել պաշտպանվել: Ամբաստանյալը պնդել է, որ Արշակյանը շարունակել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը, խույս տալով, զենքի բռնակով հարվածել է Արշակյանի դեմքին:
Ամբաստանյալի խոսքով` ստացած վնասվածքներից ինքը կորցրել է հավասարակշռությունը և, տեսնելով իր կողմը եկող Սամվել Արշակյանին, 2 անգամ կրակել է նրա վրա, ապա, տեսնելով, որ Արշակյանը փորձում է գործիքով հարվածել իր հորաքրոջ որդուն` Արման Ենոքյանին, նրա ուղղությամբ 3-րդ կրակոցն է արձակել, հետո հորաքրոջ տղայի հետ հեռացել են դեպքի վայրից:
Պաշտպանական կողմի պնդմամբ` Բաղդասարյանն արարքը կատարել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Սակայն մեղադրող դատախազն իր ճառում պնդեց, որ ամբաստանյալի գործողություններում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բացակայում է: Նրա խոսքով` Արշակյանի կողմից հասցված հարվածներին Բաղդասարյանը տվել է համարժեք պատասխաններ: Դատախազի խոսքով` դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բաղդասարյանը երկու անգամ կրակել է Արշակյանի վրա, ով Բաղդասարյանի նկատմամբ որևէ բռնություն կամ բռնություն գործադրելու փորձ չի ձեռնարկել: Իրականում, ըստ դատախազի, Սամվել Արշակյանն առաջին կրակոցից հետո ընկել է գետնին, և Բաղդասարյանը նրա վրա կրակել է արդեն ընկած դիրքում: Մեղադրողի կարծիքով` տուժողի ստացած վնասվածքները հնարավոր չէր պատճառել Աշոտ Բաղդասարյանի կողմից նշված հանգամանքներում:
Իր ճառում, որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, դատախազը նշեց նրա խնամքին 3 երեխա ունենալու հանգամանքը և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը կամովին ներկայացնելը:
Հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա Սամվել Արշակյանի դուստրը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Արշակյանը: