կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-13 12:31
Իրավական

Դատախազը Սամվել Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում պահանջեց

Դատախազը Սամվել Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում պահանջեց

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի գործով մեղադրական ճառը:

Դատախազ Արամ Արամյանի խոսքով` քննությամբ հիմնավորվել է գործով 7 ամբաստանյալների մեղքը: Գործում առկա ապացույցները հօգուտ մեղադրանքի կողմի վերլուծելով` Արամյանը նշեց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պարզունակ մեթոդների է դիմել` «Իգլա»-ի խողովակը որպես «անպիտան տրուբա» ներկայացնելով: Նրա խոսքով` սակայն փորձաքննությամբ հիմնավորվել է, որ հայտնաբերվածը ռազմամթերք է և անզգույշ տեղափոխության արդյունքում կարող է պայթյունի պատճառ դառնալ:

«Անհասկանալի է` պաշտպանության ոլորտում պաշտոններ զբաղեցրած անձն ինչպես կարող է զենիթահրթիռային համալիրը չտարբերել տրուբայից»,- անդրադառնալով Սամվել Բաբայանի ցուցմունքին` ասաց մեղադրողը:

Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, մեղադրողը նշեց, որ անտրամաբանական են Բաբայանի այն պնդումները, թե իբր ներկոտված թղթադրամներն իրեն պարտք եղած գումարն է եղել:

Նշենք, որ գործով որպես պատվիրատու ներկայացվող Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, թե «Իգլա»-ն նպատակ են ունեցել նվիրել Հայոց բանակին:

Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանին և նրա նկատմամբ պատիժ նշանակել  7 տարի ժամկետով ազատազրկումը, Սանասար Գաբրիելյանին ՝ 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչայանին 3 տարի ժամկետով, Դավիթ Հարությունյանին  2 տարի ժամկետով: Նա գործով մյուս երկու ամբաստանյալներ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար նույնպես առաջարկեց ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել և նրանց նկատմամբ նշանակել փորձաշրջան` 3 տարի ժամկետով: Դատախազը Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք նշեց հանցագործության կատարման մեջ նրանց ակտիվ դերակատարությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: