Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտարարել, որ հայկական կողմն ուզում է Արցախյան հիմնախնդիրն այս վիճակով պահել, ճիշտ չէ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը` պատասխանելով դիտարկմանը, թե հակամարտությունն այս վիճակում դիտմամբ է պահվում հայկական իշխանությունների կողմից:
«Տեսել ենք մի հակառակորդ, որին հանգիստ կարող ենք անվանել թշնամի. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նա մեր տեսակի հետ խնդիր ունեցող հակառակորդ է: Այսօր բանակցային գործընթացի մեջ ենք նմանատիպ հակառակորդի հետ: Հայկական կողմն ամեն ինչ անում է` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց ասել` Հայաստանի իշխանությունն ուզում է այս վիճակը պահպանել, ճիշտ չէ»,- նշեց նա:
Եղիազարյանն ընդգծեց, որ չկա միջազգային հարթակում մի տեղ, որ հայկական կողմը չունենա պատրաստակամություն` հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու, բայց պատրաստակամություն չկա հակառակ կողմից:
Հարցին` հայկական իշխանությունները շահագրգռվա՞ծ են կարգավորել հակամարտությունը, նա պատասխանեց. «Այո, հայկական կողմն ունի իր հստակ մոտեցումները, և մինչև այդ մոտեցումները չհարգվեն հակառակորդի կողմից, չի կարող բանակցային գործընթացում առաջընթաց լինել, որովհետև մոտեցումների, սկզբունքների հարց կա: Այսինքն` Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով էլ`ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցելի կողմ չէ: «Անցած տարիների ընթացքում տարբեր ձևաչափերով բանակցային գործընթացի ժամանակ արձանագրված պայմանավորվածությունների չկատարման ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է, և սա ակնհայտ է ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրության համար: Հետևաբար, եթե ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը բանակցելի չէ, և բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում նրա պատճառով, այդտեղ հայկական կողմը մեղքի բաժին չունի: Դա ընդամենը պետք է հիմք հանդիսանա, որ մենք դադարենք այս բանակցային խեղկատակությանը մասնակցելուց, եթե այս ձևով Ադրբեջանը պետք է շարունակի, որովհետև սա ոչ թե բանակցություն է, այլ իմիտացիա»,- ասաց նա:
Եղիազարյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ի կողմից էլ հստակ մոտեցում կա` զարգանալ չզիջելով: «Անկախ այս խնդրից` մենք պետք է մեր երկիրը զարգացնենք, հզորացնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` Համբարձումյանը նշեց, որ թե' մադրիդյան, թե' կազանյան փաստաթուղթն ինչ-որ իմաստով արդեն պատմություն են դարձել: «Այդ մասին արտահայտվելու առիթ են ունեցել թե' ՀՀ նախագահը, թե' ԱԳ նախարարը: Դրանք եղել են փաստաթղթեր, որոնք բանակցությունների սեղանին են եղել այլ ժամանակներում, այլ պայմաններով. ապրիլյան իրադարձություններից հետո այդ իրավիճակը փոխվել է: Այս մասին հայկական կողմը քանիցս արտահայտվել է, որ գործ ունենք նոր իրավիճակի հետ»,- ասաց նա:
Համբարձումյանը հավելեց, որ այդ սկզբունքների վերաբերյալ ՀՅԴ-ն լրջագույն վերապահումներ ունի, կարծում է, որ այդ սկզբունքների շրջանակում Արցախյան հարցի կարգավորումն ամենևին չի բխում հայկական կողմի շահերից: