| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախ կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության հետ:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նախ շնորհակալություն է հայտնել Արթուր Վանեցյանին և նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին` Արցախ այցելելու, Արցախը չմոռանալու, Արցախի կողքին լինելու համար: Գալստյանի խոսքով` իրենք հետևում են ՀՀ Ազգային ժողովի նիստերին և ողջունել են Արցախի հարցերով հանձնաժողով ձևավորելու` «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը, որը, սակայն, չընդունվեց իշխանությունների կողմից:
Արթուր Վանեցյանը նշել է, որ Արցախի անկախության տոնը միշտ եղել է հայ ժողովրդի հպարտության առարկան, մեր հաղթանակների սիմվոլը, բայց այսօր Արցախն իրեն լքված է զգում, սփյուռքը` օտարված, իսկ Հայաստանը խառնաշփոթի մեջ է:
«Եվ այո, պետք է տալ դրա քաղաքական գնահատականը, և ասել, որ այս ամենի ամբողջ մեղավորը գործող իշխանություններն են` իրենց ապաշնորհ և ապիկար կառավարմամբ», - ասել է Վանեցյանը:

Նա նաև նշել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության և դրա կազմում ընդգրկված կուսակցությունների դիրքորոշումը Արցախի հարցում միասնական է, այն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը պետք է անպայման իրացվի, և Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն:
«Բայց դա չի նշանակում, թե մենք պատերազմի կողմնակից ենք։ Մենք շատ լավ գիտենք պատերազմի գինը, բայց դրա հետ մեկտեղ ` համաձայն չենք խաղաղություն աղերսելուն: Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք»,- ասել է Վանեցյանը: