կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 16:00
Քաղաքական

Կստեղծվի լիազոր մարմին, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները. Դավիթ Լոքյան

Կստեղծվի լիազոր մարմին, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները. Դավիթ Լոքյան

ԱԺ հերթական նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» ՀՀ օրենքում և կից փաթեթում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ըստ նրա` օրենքով փորձում են ՀՀ-ում կանոնակարգել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը, վարչական իրավախախտումները, ինչպես նաև պրոցեսի կառավարման լիազորությունների հստակեցումն ու աղբահանության, սանիտարական մաքրման գործառույթները, որոնք պետք է իրականացվեն ՀՀ-ում:

«Առ այսօր այս ոլորտում հստակ լիազոր մարմին չունենք, և այս օրենքով կառավարությունը կհստակեցնի այն լիազոր մարմինը, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ՀՀ-ում»,- հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով` օրենսդրական փաթեթի ամբողջ գաղափարախոսության հիմքում դրված է հստակեցնելը` ինչ են իրենցից ներկայացնում կոշտ կենցաղային թափոնները: «Սա թափոնների մասին օրենքում ներառված չէր: Հստակեցվել է` ինչպես պետք է այն կառավարել, ինչպիսի միջանկյալ հասկացություններ պետք է գործեն, պետք է լինեն այնպիսի տերմիններ, գործառույթներ, ինչպիսիք են` աղբի տեսակավորում, փոխաբեռնման կայաններ, աղբի տեղակայում: Սա նախկին օրենսդրական կարգավորումներում բացակայել է»,- ասաց Լոքյանը:

Նա հայտնեց, որ ՀՀ-ում օրական միջինը մեկ շնչի հաշվով գոյանում է 0,4-0,6 կգ աղբ` տարեկան 6600 տոննայի չափով, դա հսկա ծավալով կոշտ կենցաղային թափոն է, որն անհրաժեշտ է կանոնակարգված ձևով հեռացնել, պահեստավորել, աղբավայրերում ծածկելու, նույնիսկ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով այրելու, նաև համապատասխան բնապահպանական խնդիրների լուծումը կապահովվի:

«Սահմանված էր համայնքներում աղբահանության համար վճարել առավելագույնը 400 դրամ, սակայն ներքին շեմ սահմանված չէր, ուստի շատ համայնքներ չէին վճարում աղբահանության համար: Հիմա սահմանել ենք նվազագույնը` 50, առավելագույնը` 400 դրամ աղբահանության համար»,- ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ վարչական տույժեր ոչ պատշաճ աղբահանության համար նշանակվում էին համայնքի ղեկավարի համար, հիմա բազմաթիվ հոդվածներով այս տիրույթը մեծացվել է: «Փաթեթում հստակ երևում է` ինչ կարգի միջոցներ ենք փորձում իրականացնել, որ կարողանանք պայքարել մաքուր Հայաստան, բնապահպանական նորմալ վիճակ ունենալու համար»,- ասաց Լոքյանը:

Նա տեղեկացրեց, որ կարգավորվել է նաև այս կամ այն սուբյեկտից աղբահանության գումարներ գանձելու գործառույթը: «Առանձնացրել ենք շուկաներ, հյուրանոցներ, կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ` յուրաքանչյուրում փորձելով գտնել այնպիսի տրամաբանություն, որ չդառնա խիստ ճնշող տվյալ բիզնեսի այս կամ այն գործունեության համար, մյուս կողմից` հնարավորություն ընձեռվի համայնքին, որպեսզի կարողանա այս ծառայությունը իրականացնել այդ գումարի միջակայքում»,- եզրափակեց նա: