Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները, այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի միջև։
ՏԿԵ նախարար Ս․Պապիկյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ծրագրին աջակցելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է երկու մարզերում ունենալ բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից արդյունավետ, ինչպես նաև՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմամբ աղբահանության համակարգ։
Ս․ Պապիկյանը հավելել է, որ օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը», որի կարևոր բաղադրիչներից է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ԵՄ նորմերին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, որը որպես ցուցադրական և արդյունավետ օրինակ կհանդիսանա հանրապետության մյուս տարածքներում աղբահանության նմանատիպ համակարգի ներդրման համար։
«ՎԶԵԲ-ը ուրախ է աջակցել Հայաստանին թափոնների կառավարման ժամանակակից համակարգ ներդնելու հարցում։ Իրականացվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա բնապահպանության ոլորտի վրա՝ օրինակ ծառայելով Հայաստանի մյուս մարզերի համար»,-նշել է ՎԶԵԲ-ի տարաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին և E5P-ին՝ ցուցաբերած աջակցության համար և ծրագրի իրագործմանը մաղթելով հաջող ընթացք։
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ այս նախաձեռնությունը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: «Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», - նշել է նա:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P), Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն եվրոն` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության հիմնադրամից (E5P): Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
Նշենք, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման միջազգային համաձայնագրի շրջանակում։