| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստեղծելու, տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ անելու մասին հարցը:
Ըստ հիմնավորման, կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը և օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Երկու տեսչությունների լուծարումից հետո մեկ տեսչական մարմնի ստեղծումը պայմանավորված է.
- ներկայում մի շարք դեպքերում առկա են նշված երկու տեսչությունների գործառույթների կրկնորդումներ .
- ընդերքի պետական տեսչության հիմնական նպատակներից է ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը: Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն բնապահպանական վերահսկողությունն իր մեջ ներառում է նաև ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նկատմամբ վերահսկողությունը: Այս բոլոր գործառույթները մինչև Ընդերքի պետական տեսչության ստեղծումն իրականացրել է Բնապահպանության պետական տեսչությունը, և ըստ էության 1-ին հերթին ենթադրում է բնապահպանական վերահսկողություն:
Նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և որոշումների կայացմամբ՝ ստուգումների տարեկան ծրագրերի, հաշվետվությունների, ստուգումների ուղեցույցների հաստատում, ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության նպատակների սահմանում, կատարողականի ցուցանիշների սահմանում և կառավարում: