կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 13:50
Հասարակություն

Ոչ մի խանութի «ներքին» օրենք չի կարող ՀՀ օրենքից բարձր լինել. գնված ապրանքը հետ վերադարձնելու մասին

Ոչ մի խանութի «ներքին» օրենք չի կարող ՀՀ օրենքից բարձր լինել. գնված ապրանքը հետ վերադարձնելու մասին

Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Օրվան ընդառաջ` Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր ներկայացրեց, թե Հայաստանում ինչ իրավիճակ է տիրում և որքանով են պաշտպանված սպառողների իրավունքները:

Ըստ Հակոբյանի՝ մի շարք երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության համար մի քանի օրենքներ են գործում, օրինակ՝ Գերմանիայում շուրջ 80, իսկ Ավստրալիայում` 200: Հայաստանում ունենք ընդամենը մեկ օրենք, որն էլ հաճախ խախտվում է: Նրա խոսքով՝ իրենք օրական 5-6 զանգ են ստանում սպառողներից, ովքեր բողոքում են, որ խախտվում է նրանց՝ այս կամ այն իրավունքը:

«Հայաստանում սպառողների իրավունքներն ամենաշատը խախտվում են սնունդ վաճառող օբյեկտներում, ինչպես նաև սպասարկման ոլորտում: Սրան զուգահեռ՝ հանրային սննդի օբյեկտներում բավականաչափ նորմալ մատուցում է իրականացվում, ինչը չես ասի եվրոպական մի շարք երկրների մասին: Սակայն կան սննդի օբյեկտներ էլ, որ ներս ես մտնում և չես էլ ուզում անգամ սնվել այնտեղ: Հայաստանում ունենք անվստահելի շուկա, ինչը նշանակում է, որ ամեն քայլափոխի կարող են խախտվել սպառողի իրավունքները»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ում սպառողն իրավունք ունի 100 օրվա ընթացքում իր գնած տեխնիկան հետ վերադարձնելու, իսկ մեզ մոտ կան խանութներ, որոնք անգամ հաջորդ օրը հրաժարվում են հետ վերցնել իրենց մոտից գնված ու որակյալ ապրանքը: «Սպառողի՝ 14 օրվա ընթացքում ապրանքը հետ վերադարձնելու իրավունքը հաճախ է մեզ մոտ խախտվում: Կան խանութներ, որոնք պատճառաբանում են, թե իրենց խանութն ունի «ներքին» օրենք, սակայն ոչ մի խանութի «ներքին» օրենքը չի կարող գերակա լինել ՀՀ օրենքին: Այնպես որ՝ ցանկացած սպառող կարող է մեզ դիմել, եթե խանութը հրաժարվում է հետ վերցնել իրենց մոտից գնված ապրանքը»,- ասաց Հակոբյանը:

Իսկ թե որն է պատճառը, որ մեզ մոտ ամեն քայլափոխի կարող են խախտվել սպառողի իրավունքները, Հակոբյանի կարծիքով, իրազեկվածության ցածր մակարդակն է: Ըստ նրա՝ սպառողները տեղյակ չեն իրենց իրավունքներից և պարտականություններից: Բացի այդ, ըստ Հակոբյանի, սոցիալական վիճակն էլ էական նշանակություն ունի, քանի որ հաճախ մարդիկ ընտրության հնարավորություն ուղղակի չեն ունենում: «Մենք վճարում ենք 100 դրամ, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվենք ու ինչ-որ տեղ գնանք, սակայն այն, որ կռացած, կիսանստած ենք լինում տրանսպորտի մեջ, մեր իրավունքների խախտում է: Կարծում եմ՝ պետական և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պետք է միանան` սպառողի իրավունքների պաշտպանության բարձր ցուցանիշի հասնելու համար»,- ասաց Հակոբյանը: