| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն այսօր լրագրողների հետ զրուցեց սննդային թունավորումների մասին: Մասնագետը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է բոտուլիզմի առնվազն 9 դեպք, իսկ այս տարի` 11 դեպք: Նա տեղեկացրեց նաև, որ բավական հաճախ հանդիպող սննդային թունավորում է նաև սնկային թունավորումը, որն արձանագրվում է տուժողների կողմից հավաքված սունկն ուտելու պատճառով:
«Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ: Օրինակ` ձուն օգտագործելուց առաջ պետք է անպայման լվանալ: Լվանալուց հետո բաց վիճակում սառնարանում պահել չի կարելի, հարկավոր է փակ տարայի մեջ պահել: Շատ կարևոր է հիգիենայի կանոնները պահելը: Շոգը մանրէների համար զարգանալու նպաստավոր միջավայր է: Խորհուրդ է տրվում շոգին քիչ մայոնեզ օգտագործել: Խորհուրդ է տրվում ուտել բանջարեղեն և մրգեր»,- նշեց Բաբայանը` հավելելով, որ շատ կարևոր է ուտելուց առաջ և հետո ձեռքերը լվանալը:
«Հում ու պատրաստի սննդամթերքը պետք է իրարից հեռու պահել: Ճաշերը պետք է պահել սառնարանում: Պետք է ուշադրություն դարձնել նրան, որ տարաներում երկրորդային կեղտոտվածություն չլինի»,- ասաց մասնագետը:
Նա խորհուրդ տվեց նաև դեկորատիվ լողավազաններում լողալուց խուսափել:
Անդրադառնալով պաղպաղակից թունավորումներին` Բաբայանը նշեց, որ հիմնականում հանդիպում են թունավորումներ լցնովի պաղպաղակից, քանի որ հիգիենայի կանոնները չեն պահպանվում. սարքերը մաքուր չեն: Ըստ նրա` հարկավոր է նաեւ խուսափել խանութներից աղացած միս գնելուց, քանի որ խանութների մսղացները հաճախակի չեն լվացվում, ինչը կարող է թունավորման պատճառ դառնալ:
Խոսելով ձմերուկից և սեխից գրանցված թունավորումների մասին` Բաբայանն ասաց, որ դրանց պատճառը ևս հիգիենային կանոններին չհետևելն է: «Այդ թունավորումները գալիս են նրանից, որ անլվա են ուտում: Պետք է լվանալ, նոր կտրել»,- ասաց մասնագետը: