Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանը քննարկում է ԱԺ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների 65 պատգամավորների կողմից առաջադրված` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ընտրելու հարցը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց թեկնածուին` նշելով, որ այսօր պատմական օր է` Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահ:
«Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ ՀՅԴ և ՀՀԿ միասնական թեկնածու Արմեն Վարդանի Սարգսյանին»,- հավելեց նա:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին առաջարկել է Արմեն Սարգսյանին` համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելուն` որպես ՀՀ նախագահի թեկնածու, և առաջարկին հետևել է ՀՅԴ-ի դրական արձագանքը:
«Մեկ ամիս շարունակ հանդիպումներ ունենալով տարբեր քաղաքական ուժերի, Արցախի Հանրապետության քաղաքական ներկայացուցիչների, սփյուռքահայերի, Հայաստանի գիտական ոլորտի մասնագետների, հասարակության հետ` փետրվարի 16-ին համաձայնություն հայտնեց ներգրավվելու այս պատասխանատու գործին: Արմեն Սարգսյանը կյանքի բոլոր փուլերում հանդես է եկել որպես իրական առաջամարտիկ: Մեծ է նրա ավանդը Հայաստանի դիվանագիտության գործում»,- ասաց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի կենսագրությունն ավելի հարուստ է, քան կարելի է ներկայացնել այս րոպեների ընթացքում: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, թե ՀՀ 4-րդ նախագահը պետք է լինի այն անհատը, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և' երկրի ներսում, և' դրսում, կարող է պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ-ն: Պատգամավորը խնդրեց պատեհ պահին նրա թեկնածությունը դրել քվեարկության և կողմ քվեարկել նրա օգտին:
Թեկնածուին ներկայացնելուց հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Բաղդասարյանին: Նա նախ նշեց, որ նայում է, թե ինչ կից փաստաթղթեր են ներկայացված առաջադրման համար, ապա ասաց, որ որոշակի պահանջներ են առաջարկվում, մասնավորապես`թեկնածուի` միայն ՀՀ քաղաքացի լինելը, բայց թղթերը չկան: «Պարոն Սարգսյանը մինև 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Արդյո՞ք մենք ունենք ձեռքի տակ պաշտոնական փաստաթուղթ, թե երբ է Սարգսյանը հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից, կա՞ փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և վերջին 7 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, թե՞ մենք հիմա միայն բանավոր հայտարարությունների սկզբունքով ենք առաջնորդվում»,- հարցրեց պատգամավորը:
Բաղդասարյանը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերը կտրամադրվեն, ապա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը դեսպան է, իսկ դեսպանը համարվում է ՀՀ քաղաքացի և ՀՀ բնակիչ: «Կարող եք հարցում կատարել պատկան մարմիններին»,- հավելեց նա` խնդրելով նաև ԱԺ քարտուղարությանը` կանոնակարգով ներկայացնել փաստաթղթերը:
Ի վերջո, այդ փաստաթղթերը տրամադրվեցին «Ելք»-ին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ տեխնիկական թերության համար նկատողություն կանի ԱԺ քարտուղարությանը: