կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 15:03
Քաղաքական

Պետք է արմատախիլ արվեն բոլոր արհեստական մենաշնորհային կազմակերպությունները. Վահրամ Բաղդասարյան

Պետք է արմատախիլ արվեն բոլոր արհեստական մենաշնորհային կազմակերպությունները. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված հարկաբյուջետային քաղաքականությունը տալու է երկրում տնտեսական զարգացման մեկնարկը, և հիմքեր կստեղծվեն միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար:

«Բյուջեի ծախսային քաղաքականության առանցքում դրված են տնտեսական աճը, երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը, սոցիալական նպատակայնությունը»,- շեշտեց պատգամավորը:

Նրա խոսքով` բյուջեի ծրագիրը միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայուն բարելավմանը:

«Յուրաքանչյուր երկրի բյուջեում մակրոտնտեսական ցուցանիշների իրական արտացոլումը հիմք է հանդիսանում հաջորդ տարիներին այդ ցուցանիշների բարելավման համար: Ես վստահ եմ, որ ներկայացված ծրագրում արտացոլված մակրոտնտեսական ցուցանիշները բխում են կառավարության, ՀՀԿ-ի ծրագրից: Դրանք իրատեսական են, ոչ մի թիվ շինծու չէ, և դրանք հիմքեր պետք է ստեղծեն հաջորդ տարիներին տնտեսական զարգացում ապահովելու համար»,- հայտարարեց պատգամավորը:

Բաղդասարյանն անդրադարձավ հարկային ոլորտին՝ ընդգծելով, որ այդտեղ բոլորը պետք է հավասար դաշտում գործեն: «ՊԵԿ-ի սուրբ պարտականությունն է ապահովել հարկային հավասար դաշտը, իսկ մենք պետք է հետևողական լինենք ու ինչ-որ տեղ պարտադրենք, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն իր պարտականությունները կատարի առանց տնտեսվարողների աշխատանքին խոչընդոտելու: Այստեղ քննարկումների ընթացքում մենք մեկ տոնավաճառում ծագած խնդիրների պատճառով գնահատական ենք տալիս ՊԵԿ նախագահի աշխատանքին: Չի կարելի, ընդհանուր գնահատականը պետք է տրվի ընդհանուր գործառույթների հիման վրա: Հիմա ՊԵԿ-ը փորձում է հավասարություն ապահովել բոլորի համար, իսկ մենք փորձում ենք խոչընդոտել դրան: Ոչ թե մեկ մոլի կամ տոնավաճառի, այլ ընդհանրապես բոլոր տնտեսվարող սուբյետկների նկատմամբ պետք է հավասար մոտեցում կիրառվի»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով` արմատախիլ պետք է արվեն բոլոր արհեստական մենաշնորհային կազմակերպությունները: