կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 12:38
Քաղաքական

Սերժ Սարգսյանը մեր թիմի առաջնորդն է, միշտ պետք է լինի արենայում. Վահրամ Բաղդասարյան

Սերժ Սարգսյանը մեր թիմի առաջնորդն է, միշտ պետք է լինի արենայում. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ունեն բազմաթիվ խնդիրներ և դրանցով են զբաղված, իսկ թե 2018 թվականից հետո ով կլինի վարչապետը, դեռ չեն քննարկում:

«Մենք, կարծես, այս թեման փակել էինք արդեն. Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ նախագահն է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո: Զզինվեք համբերությամբ: Մենք ունենք բավականին խնդիրներ, այդ խնդիրներով ենք զբաղված»,- ասաց նա:

Հարցին` ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի՞ խոսել վարչապետի թեկնածուի մասին, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք դրա կարիքը չենք զգում: Երբ գա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»:

Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ականները կոռեկտության մասին մոռացել էին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին «դատարկ դհոլ» էր անվանում, իսկ Բաղրամյան 26-ի այցելուներին էլ՝ հաճախորդներ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե անցնենք անցյալի գիրկը, շատ օրինակներ կարող ենք բերել կարկառուն ընդդիմադիրների, ովքեր գովերգում էին իշխանությանը, հիմա ընդդիմադիրներ են: Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, ոչ ոք չգիտի, թե ով որտեղ կլինի 1-2 տարի հետո, և պետք է հասկանալ՝ քաղաքական ընդդիմություն` չի նշանակում թշնամություն»:

Հարցին` չի՞ բացառում, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, նա մեր քաղաքական թիմի առաջնորդն է ու միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»: