կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 12:40
Հասարակություն

Սումգայիթյան ջարդերի մեղավորները նաև այսօրվա ադրբեջանական իշխանություններն են. ադրբեջանագետ

Սումգայիթյան ջարդերի մեղավորները նաև այսօրվա ադրբեջանական իշխանություններն են. ադրբեջանագետ

Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի կարծիքով` Սումգայիթն ընտրվեց այն պատճառով, որ հայերն այդ քաղաքում կարևոր ոլորտներում մեծ դիրք էին զբաղեցնում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Սումգայիթից վերացրեցին հայկական շերտը, հայերին դուրս թողեցին ամեն բնագավառից: «Սա առաջին հերթին շանտաժ էր ամբողջ հայ ազգին, որ` դուք Արցախում մեծամասնություն եք կազմում և այսօր փորձում եք ինչ-որ գործողություններ կատարել, բայց Ադրբեջանում կա Սումգայիթի նման քաղաք, որտեղ հայեր են բնակվում, և նրանք անպաշտպան են: Այսինքն՝ Սումգայիթի գործողություններով փորձում էին կասեցնել Արցախյան շարժումը, համահայկական շարժումը, ինչը հաջողության չհասավ: Իհարկե, մենք մեծ կորուստներ ունեցանք Սումգայիթում, զոհեր տվեցինք և կարող ենք ասել, որ հայ ժողովրդի համար կյանքի ու մահի պայքարի ելած առաջին զոհերն էին նրանք»,- ասաց Մովսիսյանը:

Բանախոսի խոսքով` Սումգայիթի դեպքերն այսօր ամբողջությամբ բացահայտված չեն, քանի որ դրանք իրականացնողները նաև Ադրբեջանի այսօրվա  իշխանություններն են, բայց, ըստ նրա, այդ դեպքերի ամենաառաջնային կազմակերպիչներն ադրբեջանական ազգայնամոլներն էին: «Երբ ուսումնասիրում ենք այդ դեպքերի ընթացքը, առանց իշխանության գործուն մասնակցության, առանց իշխանության ներսում եղած ազգայնական տարրերի ակտիվ մասնակցության` հնարավոր չէր նման բան կազմակերպելը»,- շեշտեց Մովսիսյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթի ջարդերին իրական գնահատական չտալը կարող է հանգեցնել նման նոր գործողությունների: «Մինչև Սումգայիթի դեպքերին իրական գնահատական չտրվի, այդ տրավման չի վերանա հայ ժողովրդի մեջից»,- կարծիք հայտնեց Մովսիսյանը:

Ադրբեջանագետը նաև նշեց, որ միջազգային ատյաններում հարցը պետք է ավելի հաճախ բարձրացվի, քանի որ դրանով նաև կարող ենք միջազգային հանրությանը հասկանալի դարձնել Արցախյան հակամարտության բուն էությունը: «Միջազգային հարթակներում հարցը պետք է ավելի հաճախ բարձրացնել, և պետք է տրվի քաղաքական ու իրավական կոնկրետ որակավորումներ»,- ամփոփեց նա: