կարևոր
4537 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 14:40
Հասարակություն

Թբիլիսիում անցկացվել է խաղաղ երթ` ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

Թբիլիսիում անցկացվել է խաղաղ երթ` ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

2024 թվականի փետրվարի 25-ին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիում կայացավ խաղաղ երթ` ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի։

Մի խումբ հայեր, Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով պարուրված, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից երթով շարժվեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության անդամներ:

Եկեղեցում հանդես է եկել Վիրահայոց թեմի առաջնորդը․

«Մենք հիշում ենք՝ Սումգայիթը, ցեղասպանությունը, 44-օրյա պատերազմը, բայց դրանք հիշելով հանդերձ ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլ ենք ձեռնարկում, ցավոք սրտի՝ ոչինչ: Մեր ազգն այսօր անառակ որդու նման, վերցնելով մի մասը, որն իր կյանքն է, վատնում է, ինքը չի ուզում պահպանել այդ ամենը և միայն հիշելով ու թշնամուն անիծելով մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը: Մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ մի երկիր դատապարտում է այդ ամենը, բայց դա զրոյական է, երբ փոքր միջատ է ընկնում սարդոստայնը խճճվում և մնում է, իսկ երբ մեծն է ընկնում պատռում է այն և դուրս գալիս, հետևաբար, ոչ մի անգամ ուժեղին չեն կարողանա դատապարտել։ Ուժեղին դատապարտելու համար պետք է դառնալ նրանից ուժեղ, իսկ մենք կարծես համակերպվել ենք ամեն ինչին։ Սթափվեք, միավորվեք, որ կարողանանք պաշտպանել այն ամենը, ինչ այսօր ունենք»:

Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, բացման խոսքով ելույթ ունեցավ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, իսկ հետո դասախոսություն անցկացրեց Ենոք Թադևոսյանը։ Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ ֆիլմի ցուցադրությանը լրացնելու եկավ Բաքվի նախկին բնակիչը, նա դրվագներ պատմեց այդ օրերի իր և իրեն ծանոթ ընտանիքների վերապրելու մասին։

«Սումգայիթյան ջարդերը մեր պատմության ծանր ու ողբերգական իրադարձություններից է, որի անպատժելիությունը հանգեցրեց, նույնպես 1918թ. Բաքվի ջարդերը, Շուշիի ջարդերը, ապա 1990թ.-ին կրկին Բաքվի ջարդերը, Մարաղայի, Սաֆարովին ազգային հերոսի կոչում տալը լեյտենանտ Մարգարյանին դաժանաբար սպանելու համար, 44-օրյա դաժան պատերազմը և Արցախի էթնիկ զտումները, պատերազմի ընթացքում այն բոլորիս հայտնի վայրագությունները, որոնց փաստերը շատ են սոցցանցերում, այն յուրաքանչյուրը կարող է գտնել։ Այս ամենը փաստում է այն մասին, որ պետք է դաս քաղել պատմությունից, լինել միասնական ու համախմբվել, որովհետև թուրքը չի փոխվել, իրենց նպատակն է ազատել այս տարածաշրջանը հայերից, և այն ուժերը, որոնք փորձում են մեր ժողովուրդին մոլորեցնել, և համոզել հակառակում, նրանք բոլորը մեր ժողովրդի թշնամիներն են», - իր խոսքում նշել է «Վրաստանի Հայ Հանայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը:

Միջոցառումը միասնության կոչով ամփոփեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ում խոսքը Աստծուն ու Եկեղեցուն մոտ լինելու, չարին, անարդարությանը միասնությամբ և համախմբվածությամբ դիմակայելու հորդոր էր ներկաներին: