կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-01 13:44
Հասարակություն

Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Խնդիրը որոշակի պարբերականությամբ պետք է հասու դառնա միջազգային հանրությանը. ԱԺ-ում Սումգայիթյան ջարդերին նվիրված լսումներ անցկացնելու կապակցությամբ որոշումը ներկայացնելիս ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված լսումները կանցկացվեն փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ դահլիճում:

Արմեն Աշոտյանը նշեց, որ լսումների նպատակը Սումգայիթյան ջարդերին քաղաքական, հասարակական, նաև իրավական գնահատականներ տալու համար է:

«Հրավիրվելու են փորձագետների, քաղաքագետների, փորձելու ենք գտնել, հրավիրել Սումգայիթյան ջարդերը վերապրածներին, նաև Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպանների»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ լսումները հիմք կդառնան նաև միջազգային իրազեկման համար: «Նախապատրաստում ենք ԱԺ հայտարարության նախագծի մշակումը, որին ճիշտ կլինի, հանձնաժողովից բացի, միանան նաև ԱԺ բոլոր խմբակցությունները, որպեսզի ԱԺ-ից հայտարարվող այդ տեքստը լինի կոնսենսուսային և տեքստի շուրջ համաձայնության գանք»,- ասաց Աշոտյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս լսումները չպետք է արվեն միայն ներքին քաղաքական շրջանակների համար, այլ հայտարարության տեքստում պատշաճ կերպով պետք է լինի նկարագրական մաս, նաև հստակ լինեն գնահատականները: Աշոտյանը տեղեկացրեց, որ այն պետք է թարգմանվի` մեր արտասահմանյան գործընկերներին այս տարվա ընթացքում այդ խնդրի մասին հիշեցնելու համար:

Աշոտյանի կարծիքով` կա նաև տեղեկացված չլինելու խնդիրը, որովհետև եթե Հայաստանում 30 տարվա մեջ քաղաքական գործիչների սերունդ է փոխվել, ապա նույնքան փոփոխություն է եղել նաև միջազգային քաղաքականությամբ զբաղվող մարդկանց շրջանում, հետևաբար` այս խնդիրը որոշակի պարբերականությամբ պետք է հասու դառնա միջազգային հանրությանը: