կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 19:23
Քաղաքական

Ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է մեր օրերում. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանական  ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է մեր օրերում. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը՝ Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ի պատասխան Հայաստանի և Արցախի վերամիավորման համար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սկիզբ առած խաղաղ և օրինական ժողովրդական ցույցերի, 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի  Սումգայիթ քաղաքում սկսվեցին տեղի հայ բնակչության ջարդերը։

Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրված ադրբեջանական հրոսակները տանջամահ արեցին տասնյակ հայերի, հազարավոր հայ ընտանիքներ, իրենց ետևում թողնելով տարիների վաստակը, տունն ու գույքը, դարձան գաղթական։ Նրանցից մի մասն ապաստանեց Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, հազարավոր ընտանիքներ ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ։

Ադրբեջանական իշխանությունները չդատապարտեցին ջարդարարներին, չբացահայտեցին հանցագործության հեղինակներին ու իրականացնողներին։

Որպես հետևանք, Սումգայիթի ջարդերին հետևեցին հայերի ջարդերն այլ քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլուր։

Դեռևս 1920 թվականի Շուշիի  ջարդերից սկսած՝  ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց մեր օրերում և առավել ցայտուն կերպով դրսևորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ բնակչության դեմ կիրառվեց արգելված ֆոսֆորային զենք, իսկ հարյուրավոր խաղաղ բնակիչներ և գերեվարված զինվորականներ տանջամահ արվեցին։

Այս պայմաններում առնվազն տարակուսելի են Հայաստանի Հանրապետության պարտվողական իշխանության որդեգրած դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը։

Որևէ հայ չի կարող իրեն Ադրբեջանում ապահով զգալ, ապրել, արարել ու կերտել իր ապագան։ Ուստի անընդունելի ու աններելի են ՔՊ֊ական իշխանությունների պնդումները, թե Արցախը կորցրել է անկախ լինելու որևէ հնարավորություն։ Սա ուղղակի նշանակում է Արցախը դատապարտել հայաթափման, իսկ արցախցիներին՝ բնաջնջման։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլուր հոշոտված անմեղ զոհերի հիշատակին և գլուխ խոնարհելով արցախյան պատերազմներով զոհված հերոսների առջև, վերահաստատում է իր դիրքորոշումը․ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը չի կարող լուծված համարվել, քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ու չի երաշխավորվել Արցախի ժողովրդի՝ սեփական միասնական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

28.02.2022 թ.