Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ» հայտարարություն ընդունելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը` նման քննարկում կազմակերպելու համար: Նա հավաստիացրեց, որ ունի բոլոր այն հարցերի սպառիչ պատասխանները, որոնք հնչեցին լսումների ժամանակ:
«Բանախոսներից մեկը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր նախագահի կողմից ընդունվել է առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունը չկար այդ պահին, որովհետև այժմ էլ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ»,- ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին տրված գաղտնի հրամանին, նա ասաց, որ թեև այդ հարցը այսօր ևս դահլիճում հնչել է, սակայն դրան բազմիցս սպառիչ պատասխան տրվել է: «Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Բայց չափազանց կարևոր էր իմանալ, թե արդյո՞ք դա ենթադրում էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի միջոցառումներին: Իհարկե` ոչ, որովհետև փաստահավաք առաքելությանը տրված բացատրություններում հստակ սահմանվում էր, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, և մի քանի միջադեպեր եղան»,- ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է փաստահավաք խմբի գործունեության դադարեցմանը, Գևորգ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանի կողմից ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, դրա գործունեության ապահովման և հասարակության պահանջները բավարարելու նպատակով ՀՀ նախագահը ստեղծել է փաստահավաք խումբ, որի մեջ ներգրավված է եղել նաև ընդդիմությունը, որպեսզի այդ մարմնի օբյեկտիվությունը կասկածի տակ չլինի: «Սահմանվեց, որ փաստահավաք խումբը ստեղծվում է հանձնաժողովին փաստեր տրամադրելու նպատակով, և ամենակարևորը՝ փաստահավաք խմբի գործունեությունը դադարում է այդ փաստերը հավաքելուց և հանձնաժողովին տրամադրելուց հետո: Դրանից հետո, որ ասում եք՝ նախագահը փաստահավաք խումբը լուծարեց, դա պայմանավորված էր դրանով, որովհետև փաստահավաք խումբը դադարել էր գործել արդեն այդ կանոնադրության ուժով, ոչ թե առանձին գործունեության արդյունքում»,- ասաց նա:
Անդրադառնալով գործեր հարուցելուն՝ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանում դատախազության ներկայացուցիչը մանրամասն բացատրել է, իսկ ավելին դատախազն անել չի կարող, որովհետև եթե դատախազությունը հրապարակի նախաքննության տվյալները, կդառնա պատասխանատվության ենթակա սուբյեկտ:
«Բայց խնդիրն այն է, որ մեր ակնկալիքները, բոլորիս ակնկալիքները դեռ արդարացված չեն, արդարացված կլինեն, երբ յուրաքանչյուր մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով պարզվեն մեղավորները, կոնկրետ կրակողները կամ նռնակ պայթեցնողները և ենթարկվեն պատասխանատվության: Բոլորիս ուզածն էլ դա է»,- եզրափակեց Կոստանյանը: