կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 12:56
Քաղաքական

Ռեյտինգային ընտրակարգը միտված է կուսակցությանը հնարավորինս շատ ձայն բերելուն. Շարմազանով

Ռեյտինգային ընտրակարգը միտված է կուսակցությանը հնարավորինս շատ ձայն բերելուն. Շարմազանով

Հանրապետական լինելը չի կարող խանգարել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորներին` ձայներ հավաքել. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտնած այն կարծիքին, թե ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, ինչը կազդի ընտրություններում ձայներ հավաքելու վրա։

Նա նշեց, որ այս պահին ՀՀԿ-ն առաջատար քաղաքական ուժն է: «13 ընտրատարածքներում էլ ունենք ներկայանալի ցուցակ, որից ընտրողները կարող են իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուին ընտրել։ Յուրաքանչյուր թեկնածուի համար պետք է պատիվ լինի ՀՀԿ ցուցակով առաջադրվելը», - ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Կարապետյանի արտահայտած այն մտքին, որ ռեյտինգային ընտրակարգն իր կողմից ընդունելի չէ, Շարմազանովը նշեց. «Պարոն Կարապետյանն ունի իր կարծիքը և ոչ միայն` պարոն Կարապետյանը, բոլոր գործիչներն ունեն իրենց կարծիքները, մենք էլ՝ մերը։ Քննարկել ենք և փոխզիջումների արդյունքում եկել ենք համաձայնության»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Կարապետյանը վստահ է, որ ռեյտինգային ընտրակարգը ժողովրդին, ի վերջո, իրար դեմ է հանելու և լարված իրավիճակ ստեղծելու, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր չէ, չկան խնդիրներ, բայց ՀՀԿ-ն այն ուժն է, որն այդ խնդիրները լավագույնս կարող է լուծել»:

Նա հավելեց, որ ռեյտինգային ընտրակարգը միտված է կուսակցությանը հնարավորինս շատ ձայն բերելուն, մինչդեռ ընտրողը նախ կուսակցությանն է ձայն տալու, հետո`այն թեկնածուներին, որոնց կուսակցությունն առաջադրել է: