կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-22 15:26
Իրավական

Անբեկանելի փաստ է՝ բոլոր փախստականների անունից հայց է ներկայացված Եվրոպական դատարան. Կոստանյան

Անբեկանելի փաստ է՝ բոլոր փախստականների անունից հայց է ներկայացված Եվրոպական դատարան. Կոստանյան

«Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը արձագանքեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի մեղադրանքներին:

Նա նախ ողջունեց նախաձեռնությունը, նշեց, որ հարցի հրապարակային քննարկումն այսքան տարիներ հետո հասունացած անհրաժեշտություն էր, և կարծիք հայտնեց, որ քննարկումների արդյունքում կարևոր հետևանքներ ունեցող հայտարարություններ կլինեն, որոնք հետագայում պառլամենտական գործունեություն իրականացնելու ընթացքում կօգտագործվեն տարբեր ատյաններում:

Պատգամավորն ընդգծեց, որ իր ելույթի անհրաժեշտությունը կապված է բանախոսներից մեկի արած անպատասխանատու հայտարարության հետ: «Եվրոպական դատարան ներկայացված են 700-ից ավելի հայցեր մեր բոլոր փախստականների անունից՝ և' Արծվաշենի, և' Բաքվի, և' Սումգայիթի: Այսինքն՝ չկա մի տարածք, որտեղից մենք ունենք փախստական և նրանց անունից հայց չի ներկայացվել: Սա անբեկանելի փաստ է և քննարկման ու վերլուծության ենթակա չէ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներին` Կոստանյանն ասաց, որ Եվրոպական դատարանը կայացրել է վճիռ Սարգսյանի և Չերագովի հետ կապված, և որ ինքը կանդրադառնա Սարգսյանի գործին: «Արդյո՞ք հատուկ ընտրված գործ էր, որ խոսքը վերաբերի Գետաշենից արտագաղթած մեր փախստականին, ոչ: Եվ արդյո՞ք այն հանգամանքը, որ ընտրվել է Գետաշենից փախստականի հարցը, բացառեց մյուս հատվածներից, մյուս բնակավայրերից փախստականների հայցի քննարկումը, իհարկե` ոչ: Եվ այդ բոլոր գործերը, որոնք ներկայացված են Եվրոպական դատարան, բոլորն էլ քննվելու են: Այս գործը նախադեպ է, որը տարածվում է անխտիր բոլոր փախստականների վրա: Եվ այս նախադեպն իրավական հիմք կլինի մնացած դատերի համար»,- ասաց նա:

Կոստանյանը հավելեց, որ Եվրոպական դատարանին սիրողական կամ գոնե լուրերի մակարդակիով ծանոթ լինելու պարագայում որևէ մեկը չի կարող նման հայտարարություն անել: «Այդ ամեն ինչն արվել է նրա համար, որ մեր փախստականները բացարձակ երաշխավորված լինեն իրենց գույքային իրավունքների վերադարձման, պաշտպանության հարցով, այդ թվում` իրենց բնակավայեր վերադառնալու հարցով: Սա չգիտակցելը, չգիտեմ՝ ինչ բառով բնութագրեմ, ինձ համար ընդունելի չէ»,- շեշտեց նա:

Այնուհետև պատգամավորն ընդգծեց, որ իր համար շատ ավելի մտահոգիչ էր հնչեցված այն միտքը, թե ինչ-որ ՀԿ գումար ստացավ դրսից: «Ես դա դիտում եմ որպես հանցագործության հաղորդում, և եթե մեր բանախոսը պնդում է իր տեղակատվության հավաստիությունը, ես շնորահակալություն կհայտնեմ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ Մելիքյանն իր ելույթում հայտարարել էր, որ հայկական կողմն անընդհատ խոսում է մահացածների ու ցեղասպանության մասին, իսկ ողջ մնացած փախստականների խնդիրը թողնում է օտար ատյանների, ՄԻԵԴ-ի հույսին: Ըստ նրա` 2006-2007 թթ. անկախ ՀՀ-ի պայմաններում ՀՀ-ի ոչ պաշտոնական, նաև պաշտոնական մասնակցությամբ մի գործընթաց է ծավալվել:

«ՄԻԵԴ-ում վճիռ կայացվեց, ըստ որի՝ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությանը դուրս է թողել իրավական առումով: Այսինքն՝ այդ դատարանը ադրբեջանցի կոչված քուրդ փախստականի և շահումյանցի հայ փախստականի հարցով վճիռներ կայացրեց, և ուրվագծվեց հակամարտության գոտին, որից դուրս են մնացել 400-450 հազար հայ փախստականներ: Իսկ ո՞վ գիտի` ՀՀ-ից ինչպես ընտրվեցին ու ուղարկվեցին գործերը ՄԻԵԴ»,- հարցրել էր նա:

ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշել թր, թե ունի դրա հետ կապված սուղ տվյալներ: «Կար մի ՀԿ, որը ստեղծվեց արդարադատության նախարարության կողմից, կոչվում է` «Իրավական ուղի», այդ կազմակերպությանը գրանտ էր տրվել Եվրոպայից` շուրջ 2 մլն դոլարի սահմաններում: Այդ մարդիկ ընտրել էին գործերը, ուղարկել դատարաններ: Ովքե՞ր են եղել փաստաբաները, չգիտեմ, բայց այդ գործընթացը ՀՀ-ի իրավատիրույթից հանվեց, տրվեց օտար ատյանի՝ կոնկրետ քաղաքական վճիռ ստանալու ակնկալիքով, որն էլ ստացվեց»,- հայտարարեց նա: