Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:
Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, եւ ինքնորոշման փաստը՝ անբեկանելի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել եւ փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլեւ համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, եւ «ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:
Սիրելի՛ արցախցիներ, այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը եւ համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին եւ բռնապետների քմահաճույքներին: Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես եւ դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության եւ քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել եւ աշխատել միայն մեկ ձեռքով:
Սիրելի՛ արցախցիներ, իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլեւս չի լինելու:
Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը»: