կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 16:48
Իրավական

Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը հետաձգվեց մինչև աշուն

Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը հետաձգվեց մինչև աշուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր պետք է մեկնարկեր 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը: Դատավորը տեղեկացրեց, սակայն որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չի եղել դատական նիստին ապահովել ամբաստանյալների ներկայությունը: Նիստին ներկա չէր նաև մեղադրող դատախազը: Այսպիսով այօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև աշուն:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստին հնարավոր չի եղել ապահովել ուղեկցող ոստիկանների սակավաթիվ լինելու պատճառով: Բանն այն է, որ այսօր Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում ընթանում էր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը, որտեղ, ինչպես հայտնի է ուժեղացված ծառայություն են իրականացնում ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչները:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդությանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի նկատմամբ կիրառվել է գրավ: