կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-19 11:00
Մշակույթ

Այսօր Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

Այսօր Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008-ից սկսած` Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում արդեն իսկ մեկնարկել է Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը:

Տոնավաճառի շրջանակներում այսօր կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին: Օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով:

Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություն:

Տոնավաճառին ընդառաջ` գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ, որի աշխատանքները կշարունակվեն հավաքագրվել նաև փետրվարին:

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ օրվա ավարտին: