Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին և գործողություններին:
«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործընթացի բացակայությամբ: Զուգահեռաբար, հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Կարապետյանը:
Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ` ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանն ու առաջընթացի ապահովմանը:
«Մեկամսյա ժամկետում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և ներկայացնել կառավարության աշխատակազմին»,- ասաց վարչապետը:
Կարապետյանը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին հանձնարարեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմինների մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:
«Առաջարկում եմ ԱՎԾ պետին` մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով տարեկան տվյալներն ամբողջական հավաքագրելու նպատակով «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն «էստատիստիկս» պիլոտային ծրագրի նախապատրաստման և իրականացման վերաբերյալ»,- հանձնարարեց նա:
Վարչապետի խոսքով` այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք, և ոչ այն պատճառով, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ հետ ենք, որովհետև պարբերաբար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: «Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք, և ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ, որ բոլոր նման վարկանիշների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որպեսզի վաղը, մյուս օր մենք հասկանանք` ո՞վ է թերացել իր աշխատանքի մեջ»,- ասաց նա: