կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 17:12
Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է` նոր պայմանագրերում գազի տեխնիկական ցուցանիշները չեն փոփոխվել

«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է` նոր պայմանագրերում գազի տեխնիկական ցուցանիշները չեն փոփոխվել

Որոշ սպառողներ սոցիալական ցանցերում ահազանգում են, որ գազի մատակարարման հարցում բացահայտվում են չարաշահումներ կամ խարդախություններ, որոնց նպատակն է հնարավորինս շատ գումար գանձել սպառողներից: Մասնավորապես` սպառողները ահազանգում են, որ բնական գազի մատակարարման նոր պայմանագրերը տարբերվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերից, որովհետև փոփոխվել են գազի ճնշման հետ կապված տեխնիկական նորմերը:

«Նախկինում գործող պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պայմանագրի 2.2 կետի ա ենթակետով պարտավորվել էր առևտրային հաշվառքի սարքի՝ այսուհետ հաշվիչ, ելքում ապահովել նվազագույնը 1.275 կՊա բնական գազի ճնշում: Սակայն հուլիսին վերակնքված պայմանագրերում այս տեխնիկական նորմն արդեն գոյություն չուներ, ինչի արդյունքում այսօր հաշվիչի ելքում ունենք նվազագունը 0.76 կՊա ճնշում: Ակնհայտ է դառնում, որ գազատար խողովակում ՃՆՇՈՒՄ-ը` P, իջեցնելով մեծանում է ԾԱՎԱԼ-ը՝ V-ն: Այսպիսով՝ գազատար խողովակում գազի ճնշման անկումը, հետևաբար գազի ծավալի արհեստական մեծացումը բերում է գազի այրման հետևանքով անջատված ջերմության նվազման, ինչի արդյունքում բաժանորդները ստանում են պակաս ջերմություն, սակայն վճարում են շատ ավելի թանկ, քանի որ վճարում են ծավալի դիմաց»,- ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ներսեսյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, թե ինչ փոփոխություններ է կան նոր պայմանագրում` հին պայմանագրի համեմատ, որից պարզ է դառնում, որ տեխնիկական ցուցանիշները որևէ փոփոխության չեն ենթարկվել: Նա նախ նշեց, որ նոր պայմանագրերի վերակնքման ձևը հաստատվել էր ՀԾԿՀ նիստում: 

«Առաջին փոփոխությունը կապված էր ռեբրենդինգի հետ. «Հայռուսգազարդ»-ը դարձավ «Գազպրոմ Արմենիա», և քանի որ ընկերության անվանումը փոխվել էր, մատակարար-բաժանորդ պայմանագիրը պետք է լիներ նոր ընկերության հետ: Երկրորդ փոփոխությունը կապված էր ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման կարգի հետ, և եթե նախկինում ամեն ամիս էր գանձվում, ապա հիմա գանձվում է տարին 2 անգամ: Մյուս փոփոխությանը կապված է գազօգտագործման կանոնների հետ»,- ասաց Շուշան Սարդարյանը: