Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն անդրադառնալով՝ «Փաստի» զրույցում Ս. Պարսյանը մի քանի խնդիր է առանձնացրել:
«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին համապատասխան օրենսդրական դաշտ պետք է ունենանք: Առաջին հերթին պետք է վերանայել Հարկային օրենսգիրքը, որով պետք է նախատեսվի չհարկվող շեմ հասկացությունը: Մինչդեռ առաջարկվող նախագծով նախատեսվում է չհարկել միայն մինչև տարեկան 12 մլն դրամի չափով տրանսֆերտները: Բացի այդ, պետք է անցնենք հարկման պրոգրեսիվ համակարգի թե՛ եկամտային, թե՛ շահութահարկի դեպքում: Շատից շատ, քչից քիչ հարկային քաղաքականություն պետք է վարել, հակառակ դեպքում կստացվի, որ հայտարարագրման պայմաններում բոլորը նույն դրույքաչափերով են հարկվելու, ինչը որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի հատկապես միջին ու աղքատ խավի պարագայում: Կառավարությունը պետք է վերանայի նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով կկարողանա հասցեական քաղաքականություն վարել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՊԵԿ-ն իր հերթին տվյալները վերլուծելու և ուսումնասիրելու համապատասխան կարողություններ պետք է ունենա:
«Բայց, փաստորեն, ստացվում է, որ ՊԵԿ-ը մարդկանց եկամուտների մասին հայտարարություն է ունենալու, բայց նրանց ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի ունենալու: Բացի այդ, կառավարությունն այսպիսի համակարգ ներդնելուց առաջ պետք է ակտիվ իրազեկման աշխատանքներ տանի հանրության շրջանում: Մինչ օրս այս համակարգը չի գործում անգամ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում են սխալներով, թերություններով: Պաշտոնյա կար, որն աշխատավարձը վարկից չէր տարբերակում ու նույն տողում էր երկուսը ներկայացնում: Ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է, ինչը մատչելի դարձնելու համար պետք է պետական ու հասարակական ինստիտուտները միասին աշխատեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես են լրացնում հայտարարագրերը կամ էլ քաղաքացիների փոխարեն այդ աշխատանքներն իրենք իրականացնեն»,-հավելեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտներն այս պահին չկան, թեպետ պլանավորում են 2023-ից փուլային տարբերակով ներդնել համակարգը:
«Այստեղ, կարծում եմ, գործ ունենք նաև անտրամաբանական իրավիճակի հետ: Ինստիտուտը մշակված է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին ինքը պետք է լրացնի իր հայտարարագիրը. այսինքն, ինքը կլրացնի, թե գումար կվճարի ու մասնագետը այն կլրացնի, քաղաքացին ինքն է որոշում: Բայց քանի որ համակարգը նոր է, պետությունը, հասարակական հատվածը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն: Խոսքն օգնող մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության մասին է, քանի որ դրանց բացակայության դեպքում կարող են փաստի առաջ կանգնել: Օրինակ՝ հերթական անգամ լինի որոշում ու մնա թղթի վրա: Նպատակը լավն է, բայց փոփոխությունը կարող է այնպես իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջովին խեղաթյուրվի դրական իմաստը, արդյունքը, և մարդիկ ոչ թե բարելավում զգան, այլ փոշմանեն, որ ներգրավվել են գործընթացի մեջ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Մատնանշելով սոցիալական իրավիճակը՝ նա հավելեց. «Հայաստանի պարագայում, որտեղ աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 27 տոկոս է, նման համակարգի ներդրումը բավականին լուրջ դժգոհության ալիք կարող է առաջացնել սոցիալապես խոցելի խմբերի շրջանում: Կառավարությունն այդ գնահատականներն արդյոք տվե՞լ է: Ակնհայտ է, որ չի տվել: Անգամ օրենքի նախագծի հիմնավորման մեջ որևէ հաշվարկ չունեն, թե այդ համակարգի ներդրման արդյունքում որքան հարկ է ավելանալու, որքանը՝ նվազելու, կամ որ խմբերն են շահելու: Որևէ ֆինանսական հիմնավորում չկա»:
Մյուս կողմից՝ Սուրեն Պարսյանը նշեց՝ լավ օրից չէ, որ կառավարությունը նման համակարգ է ցանկանում ներդնել. «Այս համակարգին անցնելու մի քանի նպաստող հանգամանք կա: Տարբեր միջազգային ինստիտուտներ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը հենց այս մասով իրենց տարբեր վարկային փաթեթներում ՀՀ-ի վրա որոշակի պարտավորություններ են դրել: Բացի այդ, հաջորդ տարիների ընթացքում մեր պետական պարտքի սպասարկման համար ավելի մեծ գումարներ են հատկացվելու. տարեկան պետք է 1,3 մլրդ դոլարի չափով պետական պարտքի համար գումար վճարենք, ինչը մեր դեպքում պետք է լուծվի նաև լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման միջոցով:
Կառավարությունն այդ քայլով ևս փորձում է ապագայում լրացուցիչ եկամուտների հավաքագրման հիմքեր, աղբյուրներ ստեղծել: Սա, բնականաբար, կարող է մեծ հարված հասցնել միջին և աղքատ խավին և նման լինի «ամանի տակ քերելու» քաղաքականությանը: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահվելու հարցում նոր մեխանիզմներ են փնտրում, որից մեկն էլ այս ինստիտուտն են դիտարկում: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներ ունենք, և, չնայած տնտեսական աճին, աղքատների թիվը շարունակում է ավելանալ: Այս պայմաններում առանց իրազեկման, առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նման մի ինստիտուտ բերելն ու ներդնելը ժամանակավրեպ է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում