կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 23:12
Տնտեսական

Թվային օրակարգն իրագործելու համար կստեղծվի «Թվային Հայաստան» հիմնադրամ

Թվային օրակարգն իրագործելու համար կստեղծվի «Թվային Հայաստան» հիմնադրամ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում՝ ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամ:

Ըստ հիմնավորման, ՀՀ-ում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր:

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական մասնագիտացված և համակարգված մոտեցումներ՝  կենտրոնացված օղակի՝  «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծման միջոցով, որին   կպատվիրակվի միասնական տեսլականի հիման վրա Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի մշակման և իրականացման  համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) մակարդակի բարձրացումը:

Կառավարության 2017-2022 թվականների ծրագրով սահմանված են՝ թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում` կենտրոնացված մասնագիտացված օղակի ստեղծումը:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Պետական հատվածի արդիականացման III ծրագիր», որի շրջանակներում մեկնարկել են պետական ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումների մշակման և ներդրման աշխատանքները:

Կառավարության հանձնառությամբ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը իրականացնում է Հայաստանի թվային օրակարգի  ռազմավարության մշակման տեխնիկական առաջադրանքի և համապատասխան փորձագիտական աջակցության ներգրավման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 26 ապրիլի 2017 թվականի N 395-Ա որոշմամբ, ստեղծվել է «Թվային զարգացմանն աջակցող խորհուրդ», որի հիմնական նպատակը՝ ՀՀ-ում թվային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման, թվային հասարակության ձևավորման աջակցման, ԵԱՏՄ, ԵՄ և Համաշխարհային թվային գործընթացների իրագործման և իրականացման աշխատանքների համակարգումն է:

2011 թվականից գործում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ», որը իրականացնում է քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ներդրման և ինտեգրման աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի մշակման և իրականացման  գործընթացի համակարգում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացում և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) մակարդակի բարձրացում:

«Թվային Հայաստան» կենտրոնացված մասնագիտացված հիմնադրամի կանոնադրության համաձայն ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հիմնադրամի առաջարկվող կարգավիճակով այն առավել զգայուն է պետական կամքի դրսևորմանը` ապահովելով առավել արդյունավետ արձագանքում իրականացվող փոփոխություններին և համապատասխանեցում պահանջներին:

Նախատեսվում է թվային օրակարգի իրագործում, մասնավորապես՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, թվային օրակարգի և պետական կառավարման էլեկտրոնային կառավարման համակարգերի նկատմամբ միասնական քաղաքականության  և պահանջների մշակում և կիրառում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության,  հաշվետվողականության բարձրացում,կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայություն­ների որակի, մատչելիության ու դրանց արդյունավետության բարձրացում:

«Թվային Հայաստան» հիմնադրամի ղեկավարը կստանձնի «Գլխավոր տեղեկատվական տնօրենի» (Chief Information Officer) գործառույթը: