Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ:
Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն: Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարեց ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: