Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը, եւ կրքերը թեժացան:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարություն» որոշման նախագիծը: Նա դժգոհ էր, որ հանրապետականները լրամշակել են օրինագիծը, բայց խախտել են նախնական պայմանավորվածությունը՝ օրինագծից հանելով Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության մասը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց նիստը փակ անցկացնել, որովհետև, նրա կարծիքով, նիստում հնչում են սխալ արտահայտություններ:
Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սխալ արտահայտություններ արդեն օգտագործվեցին, այսինքն` մենք եզդիների դեմ ե՞նք»:
Սամվել Ֆարմանյանն առաջարկեց Զարուհի Փոստանջյանին` իր հեղինական օրինագիծը և հիմնավորումներն ուղարկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, ով համարվում է հայոց պատմության ականավոր դեմքերից մեկը:
«Եթե այս օրինագիծն ուղարկեք Ռիչարդ Հովհաննիսյանին, նա, որպես դպրոցական գնահատական, Ձեզ կնշանակի մինուս մեկ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը՝ հիմնավորելով, որ Զարուհի Փոստանջյանի հեղինակած որոշման նախագծի մեջ կան այնպիսի տարրական պատմական սխալներ` թե' ժամանակագրական, թե' բովանդակային առումով, որ ինքը պարզապես չի կարող այլ կարծիք հայտնել, քան «խիստ բացասականը»:
Զարուհի Փոստանջյանը պնդեց. «Ուղարկեք, թող մինուս մեկ նշանակի»:
Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Ես Ձեր փոխարեն կամաչեի, հինգերորդ դասարանի աշակերտը գիտի, թե երբ է սկսվել ու ավարտվել Առաջին աշխարհամարտը, իսկ Դուք չգիտեք»:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը փորձեց հանգստացնել Զարուհի Փոստանջյանին, ով հակադարձում էր բոլոր հանրապետականներին: «Այստեղ միտինգ չէ, ոչ էլ «Ժառանգության» նիստը»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը ավելացրեց, որ անթույլատրելի է, որ Զարուհի Փոստանջյանն իրենց մեղադրում է գրագողության մեջ: «Այս նախագծի հիմքը եղել է դեռ հինգ տարի առաջ, երբ ես և երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հանդիպեցինք եզդի համայնքի հետ: Սա այն նախագիծն է, որտեղ սխալվելու իրավունք չունենք, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Նախ` ցեղասպանությունը լավ բան չի, որ մրցենք ու ասենք, որ եզդիներն էլ են ցեղասպանվել: Ես պատմաբան եմ և ուզում եմ ասել` եթե եզդիական համայնքը ինձ ասեր, որ պատրաստ է փաստեր ներկայացնել օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանվելու վերաբերյալ, ես կուսումնասիրեի, բայց ես, որպես պատմաբան, տեղյակ չեմ եղել, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում եղել է եզդիների ցեղասպանություն: Խնդիրը չպետք է դիտարկել հուզականության, այլ պատմագիտական հարթությունում: Եթե Դուք ունեք փաստեր, որ եղել է եզդիների ցեղասպանություն, մենք, իհարկե, դա կդատապարտենք, սակայն ո'չ որևէ պատմաբան, ո'չ էլ որևէ ցեղասպանագետ մինչ օրս ինձ կամ որևէ պատգամավորի չի ներկայացրել հակառակը պնդող փաստեր: Եթե անգամ եղել է եզդիների ցեղասպանություն, ապա դա պետք է դիտարկենք առանձին օրինագծով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ չի կարելի այսքան անլրջացնել ամեն ինչ:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ պետք է զերծ մնալ վիրավոական արտահայտություններից, յուրաքանչյուր մարդ էլ իր ունի գրագետ կամ անգրագետ տեքստ գրելու իրավունք: «Ես կողմնակից եմ ցեղասպանությունների շատ դատապարտմանը, որովհետև եթե մենք հարյուր տարի է` պահանջում ենք Հայոց ցեղասպանության դատապարտում, ուրեմն ճիշտ չէ չդատապարտել այլ ազգերի ցեղասպանությունները, բայց ասել, որ Օսմանյան կայսրությունը իր ողջ գոյության ընթացքում վարել է միմիայն ցեղասպան քաղաքականություն, դա վիրավորական է ոչ միայն թուրքերի, այլ նաև մեր նախնիների համար, որոնք հարյուրավոր տարիներ ապրել են այդ կայսրության մեջ: Ես դրական եզրակացություն եմ տալիս լրամշակված օրինագծին, իսկ Զարուհու նախագիծը ինքնըստինքյան դուրս կմնա»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով նշեց, որ պատմագիտական մի քանի սխալներ կան Զարուհի Փոստանջյանի բերած հիմնավորումներում:
«Դե Դուք ամեն ինչ գիտեք, մտքի գիգանտ եք»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:
«Ամենամեծ մտքի գիգանտը դու ես, որ շոու ես սարքում: Ես գիտես` տենց բաներ չեմ սիրում, ու շոու ծրագրերին չեմ մասնակցում»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Նիստին մասնակցում էին եզդիական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք փորձեցին միջամտել, սակայն հանձնաժողովի նախագահը խոսելու իրավունք չտվեց: Մի խումբ եզդիներ էլ, պարզելով «Ամոթ» գրությամբ պաստառներ, ամոթանք տվեցին նիստի հանրապետական պատգամավորներին` ասելով, որ կարող էին գոնե եզդիական համայնքի հետ նստել, զրուցել ու հասկանալ` փաստեր կան, թե` ոչ: Եզդիները ցուցադրաբար լքեցին հանձնաժողովի նիստը: