Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: Հայ լեռնադահուկորդին չեն տրամադրել խոստացած նոր դահուկային գույքը, իսկ նրա մոտ եղածը կոտրվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակության ներկայացուցիչներն են իրենց միջոցներով փորձել իր համար գույք ձեռք բերել: Մեզ հետ զրույցում մարզիկը նաև փաստեց, որ իր համար Ռուսաստանից մարզակոշիկներ են պատվիրել, որոնք դեռ տեղ չեն հասել, իսկ դահուկները եղել են օգտագործված:
Ի դեպ, մարզիկը մեզ հայտնեց, որ չի փոխել իր դիրքորոշումը` ստեղծված իրավիճակում չի ցանկանում մեկնարկի դուրս գալ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ խնդիրն օպերատիվ կերպով լուծում է ստանում: «Գույքը պատվիրել ենք, ինքնաթիռի մեջ թռնում է: Մոսկվայից ուր որ է` կհասնի: Ո՞վ կարող էր կանխատեսել, որ դահուկը կկոտրվի: Նա երեք մարզում արել է, նոր է դահուկը կոտրվել»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը, Ռոստոմյանը պատասխանեց. «Թե ով է մեղավորը, կճշտենք օլիմպիական խաղերից հետո: Խնդիրներ կան: Ես այդ հարցերին կանդրադառնամ վերադառնալուն պես»:
Ի դեպ, Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր մոտ եղած գույքը մաշված է եղել, դրա համար էլ կոտրվել է: Նրա խոսքով՝ թեև ինքը հավաքականի 1-ին համարն է, սակայն այս սեզոնի բազմանն իրեն նոր գույք չեն տրամադրել, մինչդեռ հավաքականի 3-րդ և 4-րդ համարներին տրամադրել են:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաև Ծաղկաձորի քաղաքապետ, Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի հետ: Նա նախ մեզ մեղադրեց «իր վրա ցեխ շպրտելու» մեջ, ապա իրարամերժ բացատրություններ տվեց՝ պնդելով, որ մարզիկն ապահովված է գույքով: Հարությունյանի խոսքով՝ քանի որ Աշոտ Կարապետյանը բանակային տարիքում էր, երկրից դուրս գալու խնդիր ուներ, դրա համար նրա համար դահուկ չեն պատվիրել:
«Աշոտը մեր հավաքականի անդամ է: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, կարող եք գրավոր դիմել ֆեդերացիային, թե խի է ինքը ամսի 21-ին իր միավորները հավաքել (նկատի ունի հունվարի 21-ը- հեղ.): Ինքը իրավունք չուներ գնալու, նեվիեյզդնոյ էր, բանակի խնդիր ուներ: Դրա համար նմանատիպ միջոցառումների տանում ենք, որ զարգացնենք, ընդառաջում ենք, որ այդ երեխան գնա»,-ասաց նա:
Անդրադառնալով մեր այն հրապարկմանը, թե նախապես որոշված է եղել օլիմպիական խաղերին ուղարկել Արթուր Հարությունյանի ազգականին՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին (հավաքականի գլխավոր մարզչի որդին), Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Արթուրի (նկատի ունի իրեն-հեղ.) հորոխպոր թոռանը (խոսքը Հարություն Հարությունյանի մասին է-հեղ.), ինքն ավելի լավ միավորներ ունի, քան թե էդ երեխան (նկատի ունի Աշոտ Կարապետյանին-հեղ.)»:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ որոշվեց խաղերին ուղարկել Աշոտին, ոչ թե Հարությունին, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Ես թողել եմ, որ ֆեդերացիան որոշի»:
Նա հավաստիացրեց, որ Աշոտ Կարապետյանի գույքը ձեռք է բերվել 2017-ին, գնվել է Սենտ Մորիսում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: «Անձամբ ես եմ տվել տվյալ գույքերը, իրանց տանն ա երկու գույքերն էլ, բայց ինքը հետը տարել ա էն , ինչ ինքը նպատակահարմար ա գտել»,- ասաց նա:
Մեր դիտակմանը, թե Կարապետյանի դահուկները, որով նա մասնակցել էր վերջին միջազգային մրցաշարին, մարզակոշիկին ամրացված են եղել կպչուն ժապավենով, Հարությունյանն արձագանքեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Այնուհետև ֆեդերացիայի նախագահը մեր լրատվամիջոցին մեղադրեց մարզաձևից գաղափար չունենալու մեջ: «Էս սպորտաձևը, ով որ տարածել ա, դրա ակունքում կանգնած եմ ես, էդ սպորտաձևը էսօր որ զարգանում ա, իմ ոտերի հաշվին ա զարգանում, ես եմ քշե, սաղ աշխարհը ցույց տվե, ու իմ նման տղերքը, իմ հորոխպոր տղերքը, նույն` Սեյրան Հարությունյանը, որ կարողացել ենք ֆեդերացիա ստեղծել: Իիսկ սպորտաձևի հիմնադիրն իմ հայրն ա, ով որ Ծաղկաձորում բերել, զարգացրել ա այդ սպորտաձևը: Իսկ դուք էն մարդու հետ եք խոսում, ով 2 տարեկանից էս սպորտաձևի մեջ ա, ու դուք ինձանից լա՞վ եք պատկերացնում դա: Հայաստանում ըտենց մարդ չկար, որ պատկերացնում էր, միայն հերս էր, որ մահացավ: Երկրորդը ես եմ, որ լավ եմ պատկերացնում էդ սպորտաձևը»,- ասաց նա:
Անդրադառնալով Աշոտ Կարապետյանի այն կարծիքին, որ ինքը պետք է գույքին ծանոթանա, օգտագործի, որ նոր կարողանա մասնակցել մրցումներին, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Եթե ինքը կարողանում ա, իրա երևակայությամբ, էդքան բան անել, ուրեմն ինքը մարզիկ չի: Իրա երևակայությունն ինձ չի հետաքրքրում: Եթե դահուկորդը ոչ մի բանով ապահովված չի, ուրեմն էդ ժամանակ պատասխանատուն ես եմ: Եթե ուզում եք իմանաք՝ ինքը դահուկով էլ ա ապահովված: Հենց հիմա իրա դահուկներն իրա մոտ ա: Հներով էլ ինքը կարա պարապել: Երեկվանից ինքն ամբողջությամբ նոր «Ֆիշեր» գույք ունի»:
Դիտարկմանը, թե 6 օր առանց մարզումների անցկացնելն արդյո՞ք չի անդրադառնա մարզիկի ցուցաբերած արդյունքի վրա, ֆեդերացիայի նախագահն արձագանքեց. «Եթե ուզում եք իմանալ` աշխարհի ամենալավ լիժեքն էլ տանք, մեկ ա, ինքը ոնց իջնի, ըտենց էլ իջնելու ա. վերջին տեղն են ընգնելու, մենք չունենք ըտենց դահուկորդ: Հարութն էլ գնար, Վազգենն էլ գնար, Աշոտն էլ գնար, մեկ ա, նույն ձևի, նույն տեղն էր գնալու»:
Եզրափակելով խոսքը՝ Հարությունյանն ասաց. «Մենք երեխաներին իմպուլս ենք տալիս, բայց դուք ձեր լրատվությամբ գցում եք այդ իմպուլսը»:
Հ. Գ. Լուսանկարում այն մարզակոշիկներն են, որով Աշոտ Կարապետյանը մասնակցել է միջազգային մրցաշարի և վարկանիշ ստացել:
Թագուհի Մելքոնյան