Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտունու շրջանի՝ Վարանդա գետի աջ ափին գտնվող Թաղավարդ գյուղը 44-օրյա պատերազմից հետո կիսվել է: 2018 թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ 1261 բնակիչ ունեցող գյուղի մեջտեղով անցնում է փշալար, որից այն կողմ գտնվող շուրջ 132 տուն մնացել է թշնամու վերահսկողության տակ, մնացած 135-ը՝ հայկական վերահսկողության տակ գտնվող Ներքին Թաղավարդում կամ, ինչպես տեղացիներն են ասում, Թաղավարդի Կալերում (Ներքին Թաղավարդը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին՝ Թաղավարդից (Վերին) և Արցախի այլ բնակավայրերից այստեղ բնակություն հաստատած հայերի կողմից)։
1920 թ. ապրիլի 25-ին Թաղավարդում է գումարվել Ղարաբաղահայության 9-րդ համագումարը, որը հաստատել է Արցախի ժամանակավոր կառավարության նոր կազմը: 1920 թ. մարտի 23-ին թուրք-թաթարական զորքերի՝ Շուշիում հայության հանդեպ իրականացրած ցեղասպանական գործողություններից հետո, որպես ապահով վայր, Թաղավարդում է գործել Արցախի նոր կառավարությունը, որը Դրոյի հետ խորհրդակցաբար գումարած մի քանի նիստերում որոշել է Արցախն Ադրբեջանին բռնակցելու դեմ ձեռնարկել խափանարար միջոցներ: Թաղավարդում է 1920 թ. մայիսի 26-ին գումարվել նաև Ղարաբաղի հայության 10-րդ համագումարը, և Կարմիր բանակի օրավուր մեծացող ճնշումների տակ որոշվել է երկրամասը հայտարարել խորհրդային:
44-օրյա պատերազմի արդյունքում թշնամուն են մնացել նաև գյուղի եկեղեցին եւ գերեզմանատունը, գյուղը շրջապատող արոտավայրերն ու դաշտերը: Եվ Թաղավարդն ու թաղավարդցիներն այսօր խոցված են թե՛ անվտանգության, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:
Թաղավարդին գրեթե կպած է Կարմիր շուկան, որը գտնվում է Մարտունու շրջանում՝ Վարանդա գետի ափերին: Կարմիր շուկայի տարածքը, որը դարձել էր գյուղմթերքի, անասունների և արհեստագործական արտադրանքների իրացման հարմարավետ շուկա, նախկինում գտնվել է Մելիք-Շահնազարյան տոհմի տիրապետության տակ: Խորհրդային առաջին տարիներին (1922 թ.) հարևանությամբ գտնվող գյուղերից տեղափոխվածներն սկսեցին կառուցել Կարմիր շուկայի առաջին տները:
Հանդիսանալով հարավից դեպի Ստեփանակերտ տանող դարպասը և ունենալով մարտավարական կարևոր նշանակություն՝ Կարմիր շուկան, ինչպես 1990-ական թթ., այնպես էլ 44-օրյա պատերազմներում ծանր հարվածներ է կրել թշնամուց:
2018 թ. Տվյալներով՝ 258 տուն և 1127 բնակիչ ունեցող Կարմիր շուկան ևս 44-օրյա պատերազմից հետո ունեցել է կորուստներ. գյուղից 327 հա վարելահող, 8,9 հա թթայգի, 37 հա խաղողի այգի և 50 հա արոտավայր անցել է թշնամու վերահսկողության տակ:
Ե՛վ Թաղավարդի, և՛ Կարմիր շուկայի հերոսական հայությունն այսօր գոյության կռիվ է մղում բառացիորեն թուրքի քթի տակ: Եվ չնայած դարավոր յաթաղանի՝ այդքան մոտ լինելուն, անասելի զրկանքներին ու դառնություններին, Երևանում նստած թուրքահաճո կառավարության նյութած ամենօրյա դավերին՝ թաղավարդցիներն ու կարմիրշուկացիները հաստատակամ կառչած են իրենց բզկտված հողից: Ի տարբերություն Փաշինյանի վաճառական իշխանության, Կարմիր շուկայում լավ գիտեն արյամբ ներկված հողի արժեքը և «խաղաղության» դիմաց չեն պատրաստվում սակարկել ու թուրքական շուկայի վերածել հայրենիքը: Ավազակաորջի վերածված հարևան թաթարաբնակ Ղաջար (այժմ՝ Ջիվանի) գյուղը մաքրելով, 1993 թ. օգոստոսին Ֆիզուլին ազատագրելով և կրակակետերը լռեցնելով՝ կարմիրշուկացիները մեկ անգամ արդեն հաստատել են իրական խաղաղություն, և Կարմիր շուկայում լավ գիտեն նաև իրական խաղաղություն կերտելու ՄԻԱԿ ուղին:
Թաղավարդն ու Կարմիր շուկան մաքառում են՝ ապրեցնելով Արցախը, կերտելով հայի ապրելու արժանապատիվ ուղին: Վկա՝ երեխաների ոգեղեն պարերն ու արտասանությունները, նրանց արձագանքը Ձմեռ պապի հարցին. «Աշխարհի ամենալավ գյուղը Կարմիր շուկան է, իսկ ամենալավ երկիրը՝ Արցախը…»:
Դեկտեմբերի 18-ին Կարմիր շուկայի դպրոցի բակում Թաղավարդի և Կարմիր շուկայի երեխաների ճիչը, մեծերի ծխացող սրտերն ու Թաղավարդի՝ արևոտ օրվա մայրամուտին ուրվագծված վառվող հորիզոններն էին:
Yerkir.am-ը ներկայացնում է մի խումբ բարերարների ջանքերով Կարմիր շուկայի դպրոցի բակում Թաղավարդի և Կարմիր շուկայի երեխաների համար Ամանորին ընդառաջ նախաձեռնված միջոցառման լուսանկարներն ու տեսանյութը:
Վահե Սարգսյան
Թաղավարդ-Կարմիր շուկա-Երևան