Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:
Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:
Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:
Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողության ժամանակ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ դիվանագետներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,
Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը:
Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, և այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ:
Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ և անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երևի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաև շատ նուրբ կատարողականը:
Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, և նա դեռևս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, և մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարևոր հանգամանք է:
Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարդները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին և, իհարկե, իրականացնողներին: Սա ևս շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք այս խաղի կարևորության մասին, որպեսզի կարողանանք միավորել բոլոր ֆուտբոլասերներին: Ֆուտբոլիստները դժվար են միավորվում, որովհետև նրանք ստիպված են տարբեր թիմերում խաղալ և իրենց թիմերի հեղինակությունն ու շահը պաշտպանել, բայց խաղից հետո նրանք միավորված են: Միավորված ենք նաև մենք՝ ֆուտբոլասերներս: Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաև դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարևոր խաղերը և գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջև:
Շատ շնորհակալ եմ ձեզ: Մենք, իրոք, երախտապարտ ենք: Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում և, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են և դեռևս պայքարելու են: